Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետը դեռ չի կողմնորոշվել, թե ովքեր են դաշտի խաղացողները» (տեսանյութ)

Տնտեսություն
karen-vardanyan

Ինֆորմացիոն ձեռնարկությունների տեխնոլոգիաների միությունն օրերս վարչապետի մոտ կայացած հանդիպմանը հրավիրված չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ դա առնվազն զարմանալի է. «Այն ռազմավարական ծրագրերը, որոնք քննարկվել են հանդիպման ժամանակ, առաջարկվել են մեր միության կողմից: Նոր վարչապետը երևի դեռ չի կողմնորոշվել, թե ովքեր են դաշտի խաղացողները, հուսով եմ, որ դա շուտով կշտկվի»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ ներկայացված ծրագրի որոշ կետեր իրեն դուր չեն եկել. «Ես մամուլում մի թիվ տեսա՝ 40 հազար աշխատատեղ ՏՏ ոլորտում՝ մինչև 2025 թվականը: Կարծում եմ, դա այն թիվը չէ, որի համար պետք է ռազմավարություն մշակվեր: Մեր բնականոն հունով մենք արդեն հասնում ենք այդ թվին, նշաձողը պետք է լինի 70-80 հազար աշխատատեղ ստեղծելը»: Պարոն Վարդանյանը նշեց, որ իրենք մի քանի առաջարկ են ներկայացրել կառավարությանը՝ դպրոցական ինժեներական լաբորատորիաների ստեղծում, Պոլիտեխնիկի կցումը պաշտպանության նախարարությանը և, առհասարակ, Պոլիտեխնիկի ուղղումը դեպի ռազմական հետազոտությունները. «Եվրոպայում և ԱՄՆ-ում այսօր 2 միլիոն թափուր աշխատատեղ կա ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, այդ թիվը 2018-ին դառնում է 3 միլիոն: Մենք պետք է հաղթենք այդ աշխատատեղերի համար տարվող կռվում: 2019 թվականին ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես է լինելու, և մենք ակնկալում ենք, որ Հայաստանը այդ կոնգրեսին կներկայանա որպես միակ և առաջին երկիրը աշխարհում, որը բոլոր դպրոցներում կիրառել է նախնական ինժեներական կրթություն: Սա մեծ հետաքրքրություն կառաջացնի, և Հայաստան կարող են գալ իսկապես աշխարհի թիվ մեկ ընկերությունների թիվ մեկ մարդիկ: Դրա շնորհիվ Հայաստանի բիզնեսը կարող է աներևակայելի քայլ անել առաջ: Հիմա եթե մենք լաբորատորիաները ուշացնում ենք, կառավարությունը մեզ չի աջակցում, ապա մենք այդ առաջընթացը չենք տեսնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ինժեներական լաբորատորիա կա արդեն 190 դպրոցներում: