Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ՏԽՈՒՐ ՀԱ՞Յ, ՔԱ՞Ն ԵՐՋԱՆԻԿ ԱՄԵՐԻԿԱՑԻ

Հասարակություն

Սփյուռի ինքնության հարցը, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծումը ավելի գործնական փուլ մտցնելու համար` «Սփյուռք» պարբերականի գլխավոր խմբագիր Խաչիկ Թոլոլյանը կարեւորում է սփյուռք ունեցող մյուս երկրների փորձի ուսումնասիրությունը:

Ըստ նրա` սփյուռքագիտությունը բոլորովին նոր գիտություն է`ընդամենը քսան տարվա: Կան գիտնականներ, ովքեր սփյուռք բառը ուզում են վերապահել միայն այն ազգային փոքրամասնություններին, որոնց աշխարհով մեկ սփռվել են բնական աղետի հետեւանքով :

Դա, ըստ Թոլոլյանի, նշանակում է, որ հրեաները, հայերը եւ աֆրիկացիները միայն սփյուռք ունեն: Աշխարհում առավել տարածված է եղել սփյուռք կոչել հայկական, հրեական եւ հունական համայնքները: Միայն անցյալ դարի կեսերին են աֆրիկացիները եւ մոտ 40 ազգություններ սկսել կոչվել սփյուռք:

Հնդկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի, Հայդարաբադի համալսարանի պրոֆեսոր Չանդրաշեխար Բհաթը նկատեց, որ սփյուռքը սեփական վիճակը գնահատելուց առաջ պետք է մտածի, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ լավ է, մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմակայել: Ըստ նրա, Հայաստան-Սփյուռք հարաբերություններն, օրինակ` Հնդկաստանի հետ համեմատած, շատ ավելի լավ են կարգավորված: Հնդկաստանում ընդամենը չորս տարի է` ինչ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է հնդկական սփյուռքին:

Իդեպ այսօրվա բոլոր ելույթներում սփյուռքի ինքնության պահպանության ամենավտանգավոր պահը համարվեց օտար ազգերի մեջ տարրալուծվելու վտանգը:

Կինոգետ Դավիթ Մուրադյանը առաջարկում է հային միշտ լինել մարդ առաջին հերթին: Պատմելով մի գրական հերոսի մասին, որը արտագաղթելով Ամերիկա` սկզբում ապրում է որպես երջանիկ ամերիկացի, հետո որոնելով իր էությունը` դառնում է դժբախտ հայ: Սակայն իր ազգային ճակատագրի հետ հաղորդակցվելով` նրա մեջ արթնանում է որոշակի սրբությունների գիտակցություն:

Ըստ Մուրադյանի` աշխարհում մարդկանց մի որոշ քանակ, այնուամենայնիվ, կձուլվի, բայց եթե կարողանանք այստեղից, Հայաստանից անընդհատ «աշխարհով մեկ Ճառագայթել, որպես պետություն, որպես ազգ, որպես մշակույթ, որպես հետաքրքիր նպատակներ ու գաղափարներ ունեցող երկիր ամենաձուլված հայը այդ ճառագայթումը կզգա ու կփորձի նորից ետ վերադառնա»լ:

Որպեսզի ձուլման վտանգը, ըստ Մուրադյանի, հնարավորինս նվազեցնենք, հայրենիքի փարոսը պետք է շատ վառ պահվի, եւ Հայաստանը պետք է դառնա զարգացած, թափանցիկ եւ դեմք ունեցող պետություն: Ի դեպ, Մեր իշխանությունների գործելաոճի թափանցիկ լինելու անհրաժեշտության մասին իրենց ելույթներում նշեցին գրեթե բոլոր սփյուռքահայերը: