Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողների նկատմամբ բռնությունները հովանավորում են իշխանությունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-20-1

2016 թվականը ծայրաստիճան ծանր տարի է եղել լրագրողների համար։ Նրանք ստիպված են եղել դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, բռնությունների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների։ «ԶԼՄ-ների մասին օրենքի 4-րդ հոդվածն ասում է, որ լրագրողները կարևոր հանրային առաքելություն են կատարում և պաշտպանված են օրենքով, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է ցույց տալիս: Այս տարին դարձավ այնպիսի աննախադեպ, որ ավելի ցածր իջնելը ուղղակի հարիր չի իրեն ժողովրդավար համարող երկրին»,- «Ա1+»֊ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ 2016-ին ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ բռնության 10 դեպք է արձանագրվել, տուժել է 26 լրագրող և օպերատոր։  Իրավունքների ամենազանգվածային խախտումը հուլիսի 29-ին էր՝ Սարի թաղում։ Վերջին տվյալներով՝ քրեական միայն 7 գործի պարագայում են մեղադրյալներ հայտնվել, այն էլ՝ քաղաքացիական անձինք։ Իսկ բռնարար ոստիկանները մնում են անպատիժ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է.  «Սա մենք չենք ուզում, մենք ուզում ենք, որ պաշտոնատար անձինք պատասխանատվության ենթարկվեն։ Փաստերի ճնշման արդյունքում կարող ենք ասել, որ Սարի թաղում քաղաքացիական անձինք գործում էին ոստիկանության ոչ միայն թողտվության պայմաններում, այլ անմիջապես նրանց հրահանգի պայմաններում։ Սա մանիպուլյացիա է, դրա համար հանրային ճնշումը պետք է մեծացնել, որպեսզի լրագրողների նկատմամբ բռնությունները դադարեն»։ Ոստիկանները բռնությունների համար ոչ միայն դատարանի առաջ չկանգնեցին, այլև պետական պարգևների արժանացան։ Անցած տարեվերջին Սերժ Սարգսյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով պարգևատրեց Սարի թաղի բռնությունները ղեկավարած, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ գեներալ-գնդապետի կոչում ստացավ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Իշխանությունն արդեն ցինիզմի աստիճան հովանավորում է նաև լրագրողների նկատմամբ բռնություն կատարողներին։ Մեսիջը սա է, որ այնքանով, ինչքանով գործում եք այդքանն է թույլատրելի, հանկարծ դրանից ավել չհավակնեք, իսկ եթե փորձեք այդ անտեսանելի գիծն անցնել, ապա բռնության եք ենթարկվելու, որն օրինական է լինելու»։ Իրավական պետություն լինելու պարագայում Հայաստանի նախագահն ինքը կերաշխավորեր օրենքների հավասար կիրառումը։ «Մենք իրավական պետություն չենք և օրենքները կիրառվում են ամենախիստ ձևով հակառակորդների նկատմամբ, և ընդհանրապես չի կիրառում իր աջակցների նկատմամբ։ Եվ դա կոչվում է ավտորիտար պետություն», ֊ասում է Արթուր Սաքունցը։ Աշոտ Մելիքյանը հավելում է.«Մինչև այնպիսի մթնոլորտ չստեղծվի, որ  բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, քաղաքական կամք չդրսևորվի իշխանությունների կողմից, այս բռնությունները շարունակվելու են»։ ԽԱՊԿ տվյալներով՝ անցած տարում ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ ճնշումների 52  փաստ է արձանագրվել, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքն էլ խախտվել է 33 անգամ։