Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյան. Ամայի դաշտի նոր հերկողը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Naira-Zohrabyan-Gagik-Carukyan

Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին կոշտ ընդդիմադիր դաշտ հրավիրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը 2011-ի աշնանը: Առաջին նախագահը լուրջ հակասություններ էր տեսել Կոալիցիոն կառավարության անդամներ ԲՀԿ-ի եւ Հանրապետականի միջեւ. «Հավատացած եմ, որ ՀԱԿ եւ ԲՀԿ-ի համագործակցությունը ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավարությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե սահմանադրական կարգի վերականգնման եւ թե ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար»,- ասում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ պահին դեռեւս կոալիցիոն կառավարության անդամ Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2012-ի մայիսի ընտրություններից հետո այլեւս չհամագործակցեց Հանրապետական իշխանության հետ: 2014-ի հոկտեմբերին Բարգավաճ Հայաստանի ղեկավարն արդեն խոսում է իշխանափոխության մասին. «Կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում, եւ արտահերթ ընտրություններ, մեր գործը արդար է»,- ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 2015-ի փետրվարին արդեն Գագիկ Ծառուկյանը իշխանություններին տեղեկացնում է, որ իրավիճակը երկրում այնպիսին է, որ հնարավոր է անկառավարելի հզոր ալիք: Նա խոստանում է խոշոր հանրահավաքներ մարզերում եւ Երեւանում. «Ստիպելու ենք գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու եւ նեղ խմբակային շահերից եւ պլաններից»: «Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից»,-նույն խորհրդաժողովի ժամանակ ասում է պարոն Ծառուկյանը: Ինքն անձամբ ուզում է, որ իշխանության մեջ լինեն կրթված եւ գրագետ մարդիկ, որոնք ընտրություններ չեն կեղծի, չեն մտածի միայն իրենց մասին: Ինքը պատրաստ է ֆինանսավորել, ինքը պատրաստ է հրավիրել. «Իսկ եթե իշխանություններն ընդունում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, հապա նմանատիպ իրավիճակում ժողովուրդը ընդունում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: Սերժ Սարգսյանը երկար չի սպասում, թե ինչի է ընդունակ իշխանության համար պայքարում Բարգավաճ Հայաստանի ղեկավարը, որը պահանջում է քաղաքական մենաշնորհի վերացում: Մեկ շաբաթ հետո նա իրերն անվանում է իրենց անուններով. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ինչ-որ տեղ նաեւ զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի»: Սերժ Սարգսյանը խորը եւ հանգամանալից անդրադառնում է իշխանափոխության համար պայքարի մեջ մտած Գագիկ Ծառուկյանի ինտելեկտուալ արժանիքներին ավելացնելով, որ իրենք կրկեսի վերածելու հայրենիք չունեն, իրենք պատերազմող երկրում են. « Ես եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»: Սերժ Սարգսյանն անձամբ է Ծառուկյանին դուրս հրավիրում քաղաքականությունից: Հաջորդ օրը Ծառուկյանը առաջին եւ վերջին անգամ Սերժ Սարգսյանին մեղադրում է Հայաստանի տնտեսությունը քայքայելու մեջ: Սակայն կոնկրետ քայլերի մասին ոչ մի խոսք: Մարտի 5-ին Ծառուկյանը հայտարարում է՝ ես դուրս եմ գալիս քաղաքականությունից: Դրանից հետո նրա եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները դառնում են ավելի հովվերգական: Երկու տարի հետո Ծառուկյանը կրկին խոսում է քաղաքականություն վերադառնալու մասին, դաշտն այնքան ամայի էր իր հեռանալուց հետո. « Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ ոք չկարողացավ լրացնել»: Գագիկ Ծառուկյանը վերադառնում է: Նա սակայն կրկին չի հավակնում իշխանության եւ փառքի: