Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային խորհուրդը բլոգերի հարցով դիմել է դեսպանին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-17-1

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան փաստաթուղթ պատրաստելու նպատակով: Այսօր` հունվարի 17-ին, Հանրային խորհրդում նույն հարցի վերաբերյալ տեղի է ունեցել լայն քննարկում, որին մասնակցել են նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և բլոգեր Տիգրան Քոչարյանը: Քննարկման արդյունքում պատրաստվել է բաց նամակ` ուղղված Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նախատեսված է նամակը հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանություն: Նամակի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ***** Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Մեծարգո պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը դիմում է Ձեզ հայտնի բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցի կապակցությամբ: Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այն տարածաշրջանային, գլոբալ անվտանգության նշանակություն ունեցող խնդիր է, որի խաղաղ կարգավորման ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրվում միջազգային հանրության կողմից: Դրան զուգահեռ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլև բազմաթիվ միջազգային հասարակական կազմակերպություններ, անհատներ, պետական ու քաղաքական գործիչներ այցելում են Երևան, Ստեփանակերտ և Բաքու` փորձելով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավոր փոխզիջումային տարբերակը: Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցը խիստ մտահոգիչ է հատկապես այդ տեսանկյունից: Միայն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանը 180 լրագրողների հայտարարել է «personae non grata», իսկ Ադրբեջանի ԱԳՆ կողմից 2016 թ. դեկտեմբերի 7-ին թարմացված «սև ցուցակում» արդեն իսկ ընդգրկվել է 623 անձ՝ ներառյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն և օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, վկայում է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ այդ ցուցակում ներառված է նաև Բելառուսի հինգ քաղաքացի: Երկու կարծիք չկա, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում: Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի: Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդ