Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերում կներդրվի կույր գնահատման համակարգ

Պաշտոնական
unnamed-15-1

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացմանը և կրթական գործընթացի բարեփոխումներին միտված  ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության և բուհերի ներկայացուցիչներ: Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ այդ նպատակով ստեղծված բոլոր երեք աշխատանքային խմբերը պետք է ամփոփեն առկա ռեսուրսները և ներկայացնեն հստակ առաջարկություններ: Նախարարն անդրադարձել է ցանցային համալսարանների ստեղծման, ուսանողների և դասախոսների ներքին շարժունության ապահովման, որոշ ընթացակարգերի վերանայման խնդիրներին: Հանձնաժողովը նախարարին է ներկայացրել նախորդ երկու նիստերի ընթացքում մշակված առաջարկությունների փաթեթը` ուղղված բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, առաջարկությունները հիմնականում վերաբերել են ուսուցման մեթոդաբանությանը` կրեդիտային համակարգի վերանայում, այդ թվում` կրեդիտների տեղափոխման ճկուն մեխանիզմի ներդրում, ուսանողների գնահատման համակարգի բարելավում, այդ թվում՝ կույր գնահատման համակարգի ներդրում, ինչպես նաև բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացի ներդրում: Իրավական փաստաթղթերի բարելավման տեսանկյունից առաջարկվել է վերանայել գործող կարգերը՝ եվրոպական մակարդակում Երևանի նախարարական գագաթաժողովին ներկայացված և ընդունված փասստաթղթերի համաձայն: Այս համատեքստում աշխատանքային խումբը ներկայացրել է որոշ առաջարկներ` ըստ մասնագիտական խմբերի կրթական ծրագրերի պարտադիր գնահատում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում առանձին ծրագրերի կամ դասընթացների օտար լեզուներով դասավանդման արտոնում, մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի ձևավորման սկզբունքների վերանայում, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործընթացներին գործատուների անմիջական և պարտադիր ներգրավման խրախուսման մեխանիզմների մշակում: Բարելավված կրթական ծրագրերի իրագործման նպատակով աշխատանքային խումբն առաջարկել է  պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և աշխատանքի ընդունման հստակ, թափանցիկ կանոնակարգերի մշակում և ներդրում, դասախոսների կատարելագործման համակարգի իրագործում, պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման և խրախուսման մեխանիզմների ներդրում: ՏՏ-ի ներդրման նպատակով ներկայացվել են որոշ առաջարկներ` բուհերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, կրթական էլեկտրոնային հարթակի և ռեսուրսների ստեղծում, համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով ինտերակտիվության և ուսանողի ներգրավվածության ապահովում և համապատասխան վերապատրաստումների իրականացում, բուհերի կողմից առցանց դասընթացների մշակման և իրագործման խրախուսման մեխանիզմների ներդրում: Գործընթացների իրականացման թափանցիկության և հաշվետվողականության նպատակով առաջարկվել է բուհերի կողմից ներքին և արտաքին շահեկիցների համար հաշվետվողականության համապատասխան ձևաչափի մշակում՝ հանրությանը փաստարկված տեղեկատվության տրամադրման նպատակով: