Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չենք կարող իմանալ՝ իրականում որքան է գազի կալորիականությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
Daniel-nkar

Սպառողի համար գազի տարբեր սակագներ պետք է սահմանվեր՝ հաշվի առնելով որակը։ «Առնվազն մի քանի դրամի տարբերությունը գազի սակագնի արդարացի կլիներ, դա մոտ 3 դրամի կարգի է գալիս։ Որովհետև մի տեղ կալորիականությունը 8000-ի տիրույթում է, մի տեղ՝ 8200-ի»,- «Ա1+»-ի հետ զրույցում հիմնավորում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր որակի գազ են սպառում՝ վճարելով նույն գումարը։ Հյուսիսում գազի կալորիականությունը 8181  կկալ է,  սյունեցիների սպառած գազինը՝ 7993 կկալ։ Սա հետևանք է այն բանի, որ Հայաստանի հարավային բնակավայրերին իրանական գազ է մատակարարվում՝ որակով ավելի ցածր, քան ռուսականն է։  Բայց  նույնիսկ Երեւանում են զգում  գազի որակական փոփոխությունները. «Օրը 24 ժամ միացրած է, բայց տաքացնելու մասին խոսք անգամ չկա։ Ենթադրում եմ, որ խտությունն է, որովհետև Եվրոպայում 10 օր անցկացնելուց հետո հասկացա, որ այնտեղ 1 ժամ-ժամուկեսը բավական է տունը շոգ լինելու համար, իսկ Հայաստանում 24 ժամն էլ բավական չի տունը տաք լինելու համար։ Չի կարող լինել 60-70 հազար դրամ գազի վճար, ու տունը լինել ոչ շոգ»,- ասում է մեզ հանդիպած երևանցիներից մեկը։ Այս պատկերը  հիմք է տալիս պնդելու, որ իրականում գազի որակն ավելի ցածր է, քան «Գազպրոմ Արմենիա»-ն է հայտարարում։  «Չկա հանրային վստահություն վայելող մարմին, որը կասի՝ այո, այս գազի կալորիականությունն իրոք 8000- 8200 է։ Եվ ոչ թե 6700, ինչը հնարավոր թիվ է։ Քանի այդպիսի մարմին Հայաստանում չկա, մենք չենք կարող իմանալ՝ իրականում որքան է գազի կալորիականությունը»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Արդյո՞ք գազի միասնական սակագին սահմանելիս «Գազպրոմ Արմենիա»-ն հաշվի առել է որակի տարբերությունը։ Ընկերությունից մեր հարցին չպատասխանեցին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ հաղորդեցին՝ այդ հարցը դուրս է իրենց տիրույթից, որոշվում է «Գազպրոմ Արմենիա»-ի և «Գազպրոմ»-ի կողմից։ Հունվարի 1-ից  շարքային գազ սպառողների համար գազի գինը 1 խորանարդ մետրի համար  սահմանվել է 139 դրամ։