Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը շարունակում է գլխավորել աղյուսակը

Սպորտ
chess-2

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Երեկ մրցաշարերում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում միավորը կիսեցին միայն Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, իսկ ահա մնացած չորս պարտիաներն արդյունավետ ստացվեցին: Հաղթանակներ տարան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նրանից կես բալով հետ են մնում Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, մեկով՝ չորս շախմատիստ: Սա վկայում է այն մասին, որ առաջնությունն անցնում է անչափ լարված պայքարում: Այսօր կայանալիք 6-րդ տուրում մրցաշարային առումով կարեւոր նշանակություն ունեն Զավեն Անդրիասյան – Հայկ Մարտիրոսյան, Արման Փաշիկյան – Տիգրան Լ. Պետրոսյան եւ Մանուել Պետրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիաները: Կանանց առաջնությունը չորս միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը 5-րդ տուրում վստահ հաղթեց Մարիամ Ավետիսյանին: Նրան հաջորդում են միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը եւ վարպետության թեկնածու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք իրենց ակտիվում գրանցել են 3,5-ական միավոր: Հենց այս եռյակն էլ կպայքարի չեմպիոնության համար, քանի որ մնացած մասնակիցներն արդեն հետ են մնում 1-2 միավորով: