Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի ընկերություններում ստուգումներ են

Տնտեսություն
sapc

Դեկտեմբերի 23-ից հունվարի 8-ը Երեւանի ու մարզերի առեւտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում եւ մսի վաճառքի կետերում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացրել է խստացված վերահսկողություն: «Շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ: Հիմնականում դրանք եղել են կաթնամթերքի ու հրուշակեղենի բաժիններում: Ժամկետանց ապրանքն առգրավել ենք եւ տնտեսվարողին տվել խիստ նկատողություն», -նշեց ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ տնտեսվարողները կշարունակեն մնալ ՍԱՊԾ վերահսկողության ներքո: Ծառայությունը տոնական օրերին կատարել է նաեւ վարչապետի հրահանգը եւ աշխատել հատուկ ռեժիմով. «Սահմանային վերահսկողության կետերը աշխատել են հերթապահությամբ՝ ապահովելով սննդամթերքի ներմուծման ու արտահանման անխափան ու արագ ընթացքը», - ասաց Վահե Դանիելյանը: Խախտումներ արձանագրվել են ինչպես մեծ ցանցային խանութներում, այնպես էլ բակային խանութներում, բայց տեսչության պետը նկատում է, որ մեծ առևտրի կետերում հսկողությունն իրականացվում է ավելի պատշաճ՝ հենց առեւտրի կազմակերպիչների կողմից, քան բակային փոքր խանութներում: Անդրադառնալով խոսակցություններին, թե «Երևան սիթի» առեւտրի կենտրոններում ժամկետանց ապրանքի պիտակները փոխում են ու նորից վաճառքի հանում՝ Վահե Դանիելյանը նշեց, որ նման փաստեր չունեն. « «Ալեքս գրիգ» ընկերությունում այս պահին ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում: Ստուգումները սկսվել են դեկտեմբերից ու դեռեւս շարունակվում են: Եթե նման փաստեր լինեն, խնդրում եմ, տրամադրեք ծառայությանը, մենք այս պահին փաստեր չունենք», - ասաց նա: Ի դեպ, ստուգումներն «Ալեքս գրիգում» իրականացվում են ոչ թե ահազանգերի հիման վրա, այլ հենց ընկերության խնդրանքով: Ինչ վերաբերում է քաղաքի տարբեր կետերում մսի վաճառքի հակահիգիենիկ պայմաններին, ապա տեսչության պետը վստահեցրեց, որ խնդիրը շուտով կլուծվի: Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերերում արդեն շինարարություն է սկսվել. «Մսի վաճառքի բոլոր կետերը պետք է իրականացվեն փակ տարածքներում: Պետք է ապահովված լինեն տաք եւ սառը ջրով ու պահպանման պատշաճ պայմաններով», - նշեց Վահե Դանիելյանը: