Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
96249f21c1a486aa2ea1b32783b37951

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին եւ մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկվա ասուլիսին, որի ժամանակ ամփոփեց իր գործունեության 100 օրը, ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետեւել ասուլիսի բոլոր մանրամասներին, սակայն պատրաստվում է առավել հանգամանալից ծանոթանալ ներկայացված ցուցանիշներին: Այս պահին Աղվան Վարդանյանը առաջին հերթին առանձնացրեց վարչապետի կողմից դրսեւորած նման լայնածավալ հաշվետվողականությունը, որը դրական գնահատեց. «Ակնհայտ է, որ տարբեր ուղղություններով բավականին գործ արվել է ու ոչ միայն բավարար, այլ դրանից նույնիսկ ավելին: Այո, արդյունքները դեռ տեսանելի չեն, սակայն փոքրիկ ու շոշափելի են: Այն, որ էներգիա, եռանդ ու ոգեւորվածություն  կա, ծրագիր, նպատակ կա եւ նաեւ ապագային միտված քայլեր, այս առումով ես լիովին բավարարված եմ: Գոնե սոցիալ-տնտեսական բնագավառներում առաջիկայում մենք շատ ավելի մեծ փոփոխությունների շատ ավելի մեծ ակնկալիք ու հույս կունենանք: Ամենակարեւորը՝ լավատեսության հիմքեր են ստեղծվում, որը կփոխանցվի նաեւ հասարակության շատ ավելի լայն շերտերի. միշտ լինում է որոշակի մի զանգված: Գիտեք՝ շատ դժվար է այս հոռետեսության, ոչնչացման այս մթնոլորտում ապրել. նորմալ ապրելու համար մարդ պետք է լավատես լինի»: Պարոն Վարդանյանը գոհ է նաեւ վարչապետի՝ ԱԺ հետ համագործակցությունից, Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի արձագանքին առաջիկա ԱԺ որակական կազմի հետ կապված, Աղվան Վարդանյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԱԺ-ն նոր Սահմանադրությամբ լինելու է երկրի կարեւորագույն ինստիտուտը, եւ պատգամավորների գոնե գերակշիռ մասը պետք է լինի իսկապես ազգային-պետական մտածողության կրող, ՀՀ, Արցախի շահը ամեն բանից վեր դասող մարդիկ. «Մանավանդ ԱԺ-ում կունենանք 1/3 ընդդիմություն, որը միշտ զգոն կպահի, կվերահսկի, իր լիազորությունները կիրականացնի: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ԱԺ պատկերից է կախված իր ապագան: Այս ընտրություններին իհարկե լինելու է ընտրակաշառք, վարչական ռեսուրսների օգտագործում, սակայն մարդը պետք է մտածի իր ապագայի, իր երկրի մասին: Ես վստահ եմ՝ ՀՀ-ում փոփոխությունները սկսվել են, ՀՀ-ն այսօր ճիշտ ընթացքի մեջ է, եւ դա հետագայում ՀՀ-ին բերելու է նոր որակի. ունենալու ենք ներգաղթ, ոչ թե արտագաղթ, ունենալու ենք բարեկեցության աստիճանական բարձրացում, սակայն սա աշխատանք է պահանջում: Սա պահանջում է ոչ թե աջ ու ձախ հայհոյել, ուրիշներին վարկաբեկել, իր պուճախը փորձել գտնել, այլ աշխատանք նպատակի, հանրության, քաղաքացու համար»: Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարին հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին, եթե ՀՀԿ-ն հաղթի, ապա վարչապետի իրենց թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը:  Այդ նպատակով ըստ օրենսդրության՝ վերջինս պետք է ունենա առնվազն վերջին 4 տարում ՀՀ մշտական բնակության տեղեկանք, ինչը Կարեն Կարապետյանի պարագայում խնդրահարույց է, քանի որ լինելով ՀՀ քաղաքացի՝ վերջին տարիներին նա բնակվել է ՌԴ-ում: Պայմանը պարտադիր է նաև ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու համար։ Արդյոք 2018թ. նրա՝ վարչապետ մնալու հանգամանքը կասկածի տակ չի՞ դրվում, Աղվան Վարդանյանը կոչ արեց սպասել 2018թ., ժամանակը ցույց կտա. «Դա ինձ համար տասներորդական հարց է. թող այս առաջադրված խնդիրները ընթացք, դրական լուծում ստանան, դրական ուղղությամբ երկիրը գնա, իսկ թե 2018թ. հետո ով կլինի վարչապետը...եթե պահպանվում է ուղղությունը, եթե պահպանվում են խնդիրները ճիշտ ձեւակերպված որակական փոփոխություններ են կատարվում, դա արդեն տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը: Բնականաբար, ով էլ լինի, այդ ուղղությունը շարունակող պետք է լինի: Գալով բուն տեխնիկական խնդիրներին՝ ես կարծում եմ՝ դա իրավական խնդիր է ու 2018թ., երբ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն, կերեւա՝ վարչապետը բավարարո՞ւմ է այդ պայմաններին, թե՞ ոչ»: