Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շմայսերեն խոսող որևէ մեկին պատասխանելու բան չունեմ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
styopa

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի բողոքն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, որն ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Սաֆարյանի հասցեին: «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ բոլոր փաստերն անձամբ է  փոխանցել էթիկայի հանձնաժողով, բայց հրաժարվել է ներկա գտնվել նիստին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատու լինի իր հնչեցրած խոսքերի համար. «Ես կարող եմ վիրավորվել, երբ վիրավորողը մի մարդ է, որի կարծիքը ինձ համար շատ թանկ է, բայց Ուրիխանյանի պարագայում էթիկայի հանձնաժողով դիմելու իմ միակ ցանկությունն այն է,  որ մարդիկ հասկանան, որ նման իրավիճակներում պետք է հայցել ներողություն կամ արժանանալ նկատողության՝ էթիկայի հանձնաժողովի կողմից, որ մարդիկ հասկանան, որ այն ամբիոնին, որին տնօրինում են, եթե հանրային խոսք են հնչեցնում, այդ խոսքի համար պետք է պատասխանատվություն կրեն: Այնպես չէ, որ ես սխալական չեմ, ես էլ կարող եմ  երբեմն-երբեմն տրվել էմոցիաներին, բայց ես այն մարդկանցից եմ, որը կարողացել է արագ շտկել դա: Եթե Տիգրան Ուրիխանյանը իր մեջ ուժ չգտավ ներողություն խնդրելու, ուրեմն նրա արարքին թող գնահատական տա էթիկայի հանձնաժողովը»: Հարցին, թե էթիկայի հանձնաժողովի պատիժը բավարա՞ր կհամարի և չի՞ պատրաստվում, արդյոք, դիմել դատարան, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մենք առանց այդ էլ դատարանում գործ ունենք իրենց հետ՝ այս վեճի հետ կապված բոլոր ստատուսները ներկայացրել ենք դատարան, բայց ես, անկեղծ ասած, ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն ունեմ ռեսուրսներ ծախսել դրա վրա,  ոչ էլ նրան մրցակից կամ խոչընդոտ եմ համարում իմ քաղաքական գործունեության համար: Այնպես չէ, որ եթե դիմեմ դատարան, նրան զրպարտության կամ վիրավորանքի համար  պիտի անձեռնմխելիությունից զրկեն կամ ազատազրկեն, կարծում եմ՝ էթիկայի հանձնաժողովի գնահատականը քաղաքական գործչի համար ամենամեծ պատիժը պետք է լինի»: Ստյոպա Սաֆարյանը պատգամավորին ասելիք չունի. «Այդ միջադեպից հետո ես բազմիցս հայտարարել եմ, շմայսերեն խոսող որևէ մեկին պատասխանելու բան չունեմ:  Ես չեմ ցանկանում իմ միջոցով նրա փիառն ապահովել»: