Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող մարզիկները չեն մեկնի Ծաղկաձոր

Սպորտ
sport-hashmandam

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը ավանդույթի համաձայն «Ձյան համաշխարհային օրվա» կապակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպեց դահուկային սպորտի դասընթաց: Այս տարի այն անցկացվեց կազմակերպության մոտակա տարածքում: «Նախկինում մենք ձմեռային հավաքներ էինք անցկացնում Ծաղկաձորում: Այս տարի հրաժարվեցինք ֆինանսների պատճառով: Մասնավորապես՝ Ծաղկաձորի ճոպանուղին սեփականացվել է, իսկ գները շատ բարձր են: Մենք փորձում ենք լուծել այդ հարցը, սակայն երբ կազմակերպությունները տեսնում են, թե որքան գումար է հարկավոր միայն դրա համար, անմիջապես հրաժարվում են ֆինանսավորել», - «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ներկայումս մեր հաշմանդամություն ունեցող լեռնադահուկորդներ Սասուն Հակոբյանն ու Սասիկ Նազարյանը ուսումնամարզական հավաք են անցկացնում Իրանում: «Նրանք Իրանի ազգային պարալիմպիկ կոմիտեի ֆինանսավորմամբ պատրաստվում են հունվարի 16-ին նախատեսված 2018թ. ձմեռային պարալիմպիկ խաղերի վարկանիշային մրցաշարին: Հույս ունենք, որ նրանք լավ հանդես կգան եւ խաղերի ուղեգիր կնվաճեն», - ասաց Հակոբ Աբրահամյանը: Հայաստանի Ազգային պարալիմպիկ Կոմիտեի նախագահը նաեւ նշեց, որ 2020թ Տոկիոյի պարալիմպիկ խաղերին իրենք նախատեսում են մասնակցել 5 մարզիկով: