Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտը մոտ է վերագործարկվելուն            (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-6

Մոտ ապագայում «Նաիրիտ» գործարանը կարող է կրկին վերագործարկվել։ Հունվարի 20-ը վերջին օրն է, երբ գործարանում ներդրում անել ցանկացողները կարող են դիմել կառավարությանը։ Գործադիրի շենքի դիմաց ակցիայի եկած  նաիրիտցիների տեղեկություններով՝ ներդրումների համար դիմել է մեկ ռուսական ընկերություն։  Բայց նաիրիտցիները հույսը կապում են «Եվրոպա-Ասիա» բիզնես ֆինանսական կենտրոն հոլդինգի հետ։ «Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը ուզում է աշխատեցնել քլորի և քացախաթթվի արտադրությունը։ Իսկ քլորի և քացախաթթվի արտադրություն աշխատեցնել չի նշանակում Նաիրիտ գործարանի վերագործարկում։ Իսկ հոլդինգը համալիր՝ ամբողջ գործարանն է ուզում վերականգնել»,- ասում է «Նաիրիտի» նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը։ Նաիրիտցիների խոսքով՝ հոլդինգը բավարարում է կառավարության ներկայացրած պահանջներին։ Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը պնդել էր՝ Նաիրիտի վերագործարկման առաջարկներ եղել են, սակայն իրենք լուրջ չեն վերաբերում դրանց։ Ներդրում անել ցանկացող ընկերությունները չէին հետաքրքրվել մոտակա 5 տարիներին գազի հնարավոր սակագնի մասին։ Այդ հարցն էլ կարծես լուծում կստանա։ «Այդ հոլդինգի ղեկավարը հենց հիմա բանակցություններ է վարում իրանական կողմի հետ, որը պատրաստ է Հայաստանի միջոցով  դեպի Վրաստան գազ մատակարարելու դեպքում, անվճար գազ մատակարարել Նաիրիտին»,- ասում է «Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը։ «Նաիրիտի» սնանկության գործընթացն այս պահին շարունակվում է դատարանում։ Կա վտանգ, որ Նաիրիտի գույքը կարող է հանվել վաճառքի՝ աշխատակիցների աշխատավարձերի պարտքը փակելու համար։ «Եթե սարքավորումները վաճառեն, իհարկե չի աշխատի գործարանը։ Մենք պահանջում ենք կառավարությունից, որ չօտարեն Նաիրիտ գործարանի գույքը»,- ասում է Անահիտ Մանուկյանը։ Ըստ «Jacobs Consultancy» ընկերության ուսումնասիրությունների՝ «Նաիրիտի» ներդրողը պետք է 35000 տոննա կաուչուկ արտադրելու համար 216 միլիոն դոլար ծախսի։ Նախորդ տարի հայտարարված մրցույթի պայմանները որոշակի պահանջներ են առաջադրում հետաքրքված ընկերություններին։ Ընկերությունը պետք է վերջին 10 տարում 60 մլն դոլարի համանման ծրագիր իրականացրած լինի։ Վերջին երեք տարիներին էլ ստացած լինի 100 մլն դոլարից ոչ պակաս եկամուտ։ Նաիրիտցիների հետ մեկտեղ կառավարության դիմաց հավաքված վետերան օդաչուներն էին իրենց խնդրի մասին հիշեցնում։ Հաշմանդամության համար որպես փոխհատուցում 10 տարի չվճարված գումարների հարցը մտել է կառավարության օրակարգ։ Վարչապետն է ուսումնասիրել։ «Դեկտեմբերի 27-ին հանձնարարարություն է տրված սոցապնախարարին, որ էս հարցին լուծում տվեք, քանի որ սա կոնվենցիաների խախտում է»,- ասում է նախկին օդաչու Սեյրան Սարգսյանը։ Նախապես գուշակելով կառավարության պատասխանը, թե բյուջեում փող չկա 10 տարվա փոխհատուցում տալու համար, օդաչուները լուծում են առաջարկում։ Ամբողջական փոխհատուցման հարցը հետաձգել, բայց այսուհետ ամեն ամիս իրենց գումար վճարել։