Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կես տարում՝ 1000-ից ավելի կամավոր մասնակից կուտակային համակարգում (տեսանյութ)

Հասարակություն
8uczsr_-kWc

Պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների թիվը կես տարում 146 հազարից դարձել է 170 հազար։ Նրանցից  100 հազարը աշխատում է մասնավոր, իսկ  70 հազարը՝ պետական հատվածում։ «Ամսական 3-4 հազար նոր մասնակից ունենք: Քանի որ համակարգը նոր մտնողների համար պարտադիր է՝ հատկապես մասնավոր հատվածի համար, նրանց թիվն ավելանում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը: 2018թ. հուլիսի մեկից համակարգը պարտադիր կդառնա նաեւ մասնավոր հատվածի՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատակիցների համար:  Պետական համակարգի աշխատողների բացի ներկայումս  ամեն ամիս պարտադիր վճարումներ են կատարում  մասնավոր սեկտորի այն աշխատակիցները, որոնք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո են աշխատանքի անցել.   «Նաեւ շատ ունենք 40-ից բարձր մասնակիցներ: Հազարից ավելի մարդ է մասնակցում կամավորության սկզբունքով, որոնք ծնվել են 1964-74թթ. ժամանակահատվածում: Նրանց համար օրենքի փոփոխություններով արտոնություն սահմանվեց. եթե նախկինում պետության կողմից համաֆինանսավորում չէր կատարվում, ապա նոր փոփոխություններով՝ որքան մարդ գումար է հատկացնում,այնքան պետությունը համաֆինանսավորում է»: Մինչեւ 500 հազար դրամ ստացող քաղաքացիները վճարում են աշխատավարձի 5 տոկոսի չափով, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ ֆիքսված 25000 դրամ: Միջազգային 2 կառավարչի կողմից կառավարվող 3 ֆոնդում կուտակված գումարները կես տարում աճել են 21 մլրդ դրամով՝ կազմելով 63 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը գնացել է ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, 18 մլրդ դրամը՝ օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի ձեռքբերմանը. «Այս ֆոնդերի միջոցով մեր քաղաքացիները կարողանում են օգտվել նաեւ միջազգային կապիտալի շուկաների ապահոված օգուտներից: Շուրջ 16 մլրդ դրամ, այսինքն՝ շուրջ 25 տոկոսը ՀՀ բանկերում ներդրված ավանդներ են, որոնց միջոցով, բնականաբար, բանկերն իրենց հերթին ֆինանսավորում են տնտեսությունը»: Իր կուտակած գումարները քաղաքացին կարող է ստանալ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո՝ 63 տարեկանից սկսած: Գումարը վաղաժամ հնարավոր է ստանալ ծանր հիվանդության կամ մահվան դեպքում:   Կան նաեւ այլ դրույթներ, որոնք ավելացել են նախորդ տարի օրենքի փոփոխության արդյունքում. «Երբ քաղաքացին դառնում է 55 տարեկան, սակայն կուտակել է բավարար չափով միջոցներ, որպեսզի կարողանա մինչեւ իր մահը կենսաթոշակ ստանալ նորմալ մեծության, այսինքն՝ իմաստ ունենա այդ գումարը հանել, կարող է անցնել կենսաթոշակի»: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների եկամտաբերությունը 3 տարում կազմել է 26 տոկոս: Այս ընթացքում գնաճը կազմել է 2 տոկոս: