Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Երևանում. պարզվել են մի շարք հանգամանքներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
8640871

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի և մասնակիցների վերաբերյալ, պարզվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին