Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի բաժակ ջերմություն»՝ անօթևաններին

Հասարակություն
domik

Գերմանիայում բնակվող Արփի Աթաբեկյանը Երևանում ապրող իր ընկերների հետ սնունդով և այլ անհրաժեշտ իրերով կօգնի Հայաստանի անօթևաններին: «Մի բաժակ ջերմություն» նախաձեռնության շուրջ համախմբված մի խումբ երիտասարդների անհանգստացրել են Հայաստանում անօթևան մնացած մարդկանց մահվան դեպքերի մասին տեղեկությունները: «Արփին Գերմանիայում մասնակցել է նմանատիպ նախաձեռնության ու ստեղծել է ընդհանուր օնլայն հարթակ, որտեղ ներառվել են ֆեյսբուքում ակտիվ ու խնդրով հետաքրքրված օգտատերերը (շուրջ 5-6 երիտասարդ), ովքեր անընդհատ օնլայն աշխատանքներ են տանում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Սիրանուշ Հովակիմյանը: Նախաձեռնության անդամները համացանցի միջոցով ցանկանում են հավաքել սնունդ և սննդի միանգամյա օգտագործման պարագաներ, ինչպես նաև համախմբում են մարդկանց, ովքեր կցանկանան համագործակցել: «Ասում են, որ գյուղ կանգնի, գերան կշրջի: Մենք էլ վստահ ենք, որ Ֆեյսբուք կանգնի, ամեն ինչ էլ կշրջի: Տարբեր երկրներից մեզ միանալու ցանկություն են հայտնել հայ երիտասարդներ, մենք էլ ունենք բոլորի օգնության կարիքը, հիմա նաև փնտրում ենք համագործակցող կազմակերպությունների, որոնցից մեկը խոստացել է անօթևաններին անվճար թեյ տրամադրել»,- նշեց Սիրանուշ Հովակիմյանը: Երիտասարդների խոսքով՝ այս խնդիրը պետք է լուծի Կառավարությունը բայց չեն շտապում նրանց մեղադրել: «Մեզանում կա կարծրատիպ, որ միանգամից սկսում ենք քննադատել ամեն ինչ ու մեղքը բարդել ուրիշների վրա: Պետք չէ ասել, որ սա Կառավարության գործն է և այլն, հաշվի առնելով, որ այդ ընթացքում ևս մեկ մահացության դեպք կարող է գրանցվել: Կառավարությանը մեղադրել-չմեղադրելու հարցը կքննարկենք, երբ ձեռքներիս տակ կոնկրետ փաստեր կունենանք անտուն մարդկանց մասին, ովքեր դրսում են գիշերում: Երբ ունեցանք՝ նախ կօգնենք, հետո ստորագրահավաքներով ու բաց նամակներով կառավարությանը կպարտավորեցնենք կատարելու իր սոցիալական գործառույթը»,- մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Սիրանուշ Հովակիմյանը: Նախաձեռնության անդամներն այժմ նամակներ են ուղարկում Կառավարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Երևանի քաղաքապետարան՝ աջակցություն ստանալու ակնկալիքով, իսկ գործնական քայլեր կսկսեն ձեռնարկել այն ժամանակ, երբ կունենան անհրաժեշտ ռեսուրսները: