Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություններին կմասնակցեն նաև ազատազրկվածները (տեսանյութ)

Քաղաքականություն
mukuchyan

ԿԸՀ–ն այսօր  սահմանեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը:  Ընտրական օրենսգրքում  ընտրությունների մասնակիցների ցուցակները հրապարակելու դրույթը մտել է ընդդիմության պահանջով։ «Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները  բացառությամբ զորամասերում եւ ՔԿՀ-ներում եւ ՁՊՎ-երում պահված անձանց ցուցակների, սկանավորվելու են եւ հրապարակվելու են: Սկանավորումը իրականացվելու է քվեարկության հաջորդ օրը ժամը 12։00-ից սկսած»,- այսօր հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Սկանավորումից հետո  ցուցակները տեղադրվելու են ԿԸՀ կայքում եւ հնարավոր կլինի ներբեռնել։   Ապրիլի 2-ին ընտրողները  ընտրատեղամասերում  գրանցվելու են էլեկտրոնային  սարքերով։ Եթե քաղաքացին տվյալ ընտրատեղամասի  ընտրող չէ, սարքի վրա կվառվի դեղին լույս։    Կարմիր լույսի վառվելը կնշանակի, որ նա երկրորդ անգամ է եկել քվեարկության։ Կանաչ ազդանշանից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը, եւ տպվում է կտրոնը, որից հետո կատարում է իր ընտրական գործընթացը։ ԿԸՀ-ն   այսօր որոշեց նաեւ  ձայների հավասարության դեպքում մանդատ տրամադրելու վիճակահանությունների կարգը: «Վիճակահանությունը  կազմակերպվելու է իրարից չտարբերվող քվեաթերթիկների միջոցով մեկ թերթիկի վրա կնշվի «ընտրվել է» բառը, եթե թեկնածուների թիվը եղել է երկուսից ավելին եւ ընտրված կհամարվի այն թեկնածուն, որին բաժին է ընկել «ընտրվել է» բառը»,- նշեց ԿԸՀ անդամ  Նունե Հովհաննիսյանը: Որոշմամբ  առաջարկվում է  նաեւ    վիճակահանությունը համակարգչային եղանակով կազմակերպելու դրույթ: Նման պարագայում թեկնածուները պետք է տան իրենց գրավոր համաձայնությունը: Եւ համակարգը պատահական  ընտրությամբ   կառանձնացնի ընտրված թեկնածուին: Առաջին անգամ ընտրություններին մասնակցելու են ազատազրկված քաղաքացիները, եթե չեն դատապարտվել   ծանր եւ առավելապես ծանր հանցագործություն կատարելու համար։ Նախընտրական քարոզարշավը սկսվելու է  մարտի 5-ից։ Արդեն հրապարակումներ կան իշխող ուժի ներկայացուցիչների կողմից տարբեր ճնշումների մասին՝  ռեյտինգային քվեարկությանը բարձր տոկոսներ ապահովելու նպատակով։ «Նման հանգամանքները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ, թե ընտրողի կամարտահայտության ընտրման տեսանկյունից, թե ընտրական գործընթացի տեսանկյունից: Որովհետեւ ընտրողը գալու է ընտրատեղամաս իր անձը հաստատող փաստաթղթով եւ գաղտնիության պայմաններում  լիակատար իրականացնելու է իր քվեարկությունը:  Եւս չեմ կարծում, որ որեւէ հոգեբանական ճնշում կարող է ներազդել ընտրողի վրա, քվեախցում»,- ավելացրեց Տիգրան Մուկուչյանը: Հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ ընտրողների թիվը  2 մլն 564 հազ 334  է։