Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնացի մասնագետները գնահատելու են ՀՀ սողանքային աղետի կառավարման ծրագիրը

Պաշտոնական
11-1-1

Հունվարի 11-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն ընդունեց ճապոնացի փորձագետ Հիրո Օկուդային, ով, որպես անկախ փորձագետ, համագործակցելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ, Հայաստան է ժամանել «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում ծրագրի» վերջնական գնահատման նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի իրականացման ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հ. Օկուդան նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ ՃՄՀԳ-ի յուրաքանչյուր ծրագրի վերջնական գնահատմանը մասնակցում է անկախ փորձագետ, ինչը նպատակ ունի բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը: 22891_b -           Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի անաչառ գնահատական տամ կատարված աշխատանքներին, ինչը ընդունված կարգ է ՃՄՀԳ-ում: Նշեմ, որ շատ տպավորված եմ նախնական արդյունքներից և կարծում եմ, որ անկախ փորձագետի գնահատականը, իսկապես, կարող է զգալիորեն նպաստել ծրագրի զարգացմանը, - եզրափակեց Հ. Օկուդան:   ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, հույս հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի, և վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը կլինի շատ բարձր: -           Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, և յուրաքանչյուր օգնություն՝ մասնավորապես Ճապոնիայի նման բարեկամական երկրից, շատ գնատահելի է, - եզրափակեց ՓԾ տնօրենը: Նշենք, որ ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշ մարզի Գետահովիտ համայնքները: Այս համայնքներում 2016 թ. իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվում են գրունտային ջրերը, ինչը թույլ է տալիս զսպել սողանքային երևույթների հետագա զարգացումները: Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր: Ծրագրի շրջանակներում մշակվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիթորինգի համակարգ», որը իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մոնիթորինգի և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ: ՃՄՀԳ փորձագետները Ողջաբերդի գյուղապետարանում տեղադրել են համակարգիչ՝ հատուկ ծրագրային ապահովմամբ, ինչը թույլ է տալիս թվային չափիչ սարքերի գրանցումները իրական ժամանակում ստանալ գյուղապետարանում: Ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամները մասնակցել են նաև սողանքային աղետի կառավարման դասընթացներին, որն անց է կացվել երեք փուլով Ճապոնիայում: