Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խտրականությունը քարոզվում է պետական մակարդակով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
med

«Հայաստանում խտրական վերաբերմունքը հաճախ քարոզվում է պետական մակարդակով»,-կարծում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Մարաշլյան ֆոտոստուդիայի հրապարակած ընտանեկան լուսանկարի շուրջ բարձրացած աղմուկին (հայ կինը՝ սևամորթ ամուսնու և երեխայի հետ-խմբ.), տիկին Հովհաննիսյանը նշեց, որ, առհասարակ, մեր հասարակությունում խտրական վերաբերմունք կա հատկապես կանանց և կանանց անձնական կյանքի նկատմամբ. «Կնոջ նկատմամբ միշտ էլ վերահսկողական վերաբերմունք է եղել, նաև նրա անձնական կյանքի նկատմամբ: Կինն ընկալվել է որպես համայնքի սեփականություն, տղամարդիկ են որոշում կայացրել, թե կինը ում հետ պետք է ամուսնանա, այսինքն՝  մտածել են՝ լավ ապրանք ենք տալիս, այդ պատճառով վերահսկել են, թե ում հետ պետք է ամուսնանա կինը և ինչպես պետք է շարունակվի այդ գենը»,-նշեց նա՝ հավելելով, որ խտրական վերաբերմունքի տարածմանը նպաստում են պետական այրերը, ովքեր հաճախ իրենց ելույթներում խտրականություն են քարոզում և դրանից հետո ոչ միայն մնում են անպատիժ, այլև ավելի բարձր պաշտոններ են ստանում: «Պետական բարձր պաշտոնյաները ևս կրողն են խտրական վերաբերմունքի»,-ասաց Հովհաննիսյանը՝ որպես օրինակ բերելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ DIY ակումբի վրա հարձակումից հետո արած հայտարարությունները: Քննարկմանը ներկա՝ Խտրականության  դեմ  պայքարի  և  հանուն  հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանն էլ հավելեց, որ խնդիրը օրենսդրական բացի մեջ է. «Մինչ օրս հստակ քաղաքականություն չունենք մշակված այս հարցում, որն ուղղված կլինի խտրականության և ատելության խոսքի արգելմանը: Համացանցում ատելության խոսքի հատկանիշներ կարելի է գտնել, և մենք չենք կարող պատասխանատվության ենթարկել այդ ատելության տարածման համար: Խտրականության դեմ պայքարի օրենքի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք:  Կարծես թե Արդարադատության նախարարությունը «Եվրասիա» հիմնադրամի հետ մշակում էր համապատասխան օրենսդրական փաթեթ: Նախարարությանն ուղարկված մեր հարցմանն ի պատասխան՝ ասել էին, որ դեռ քննարկվում է՝ պե՞տք է մեզ խտրականության վերաբերյալ առանձին օրենք, թե ոչ: Այսքանով ավարտվում են բոլոր խոսակցությունները»: «Սինջար» ՀԿ-ի ղեկավար  Բորիս Մուրազին ևս դատապարտում է ռասիզմը և խտրականության ցանկացած դրսևորում: Ինքն անձամբ ամուսնացել է եզդուհու հետ, բայց եթե եզդիներից որևէ մեկը որոշի ամուսնանալ, օրինակ, հայուհու հետ, ապա դա բացառապես նրա իրավունքն է լինելու, և որևէ մեկը չպետք է փորձի ազդել այդ որոշման վրա. «Այդ խնդիրը կա մեր համայնքում, բայց դա ավելի շատ կրոնական հողի վրա է, եզդիականությունն արգելում է  արտահամայնքային ամուսնությունը»,-նշեց նա: Ինչ վերաբերում է հրապարակված լուսանկարին և դրա շուրջ ծավալված քննադատություններին, ապա, Մուրազիի խոսքով, այն շատ լավ ինդիկատոր եղավ՝ հասկանալու համար, որ հասարակության մեջ խտրականությունը դեռ չի վերացել: «Աշխատելու շատ տեղ ունենք»,-եզրափակեց նա: