Շտապ օգնությանը դիմողների թիվն ավելացել է (տեսանյութ)

2016 թ-ին Երեւանի Շտապօգնության ծառայությունը սպասարկել է  247 496 կանչ։ Հիմնական կանչերը վերաբերել են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդություններին եւ տրավմաներին։ 2015 թ-ի համեմատ կանչերի քանակն ավելացել է 9286-ով։ «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքերով, նախորդ տարվա համեմատ պակասել է սիրտանոթային հիվանդություններով կանչերի քանակը, փոխարենն ավելացել են սուր շնչառական հիվանդությունների հետեւանքով կանչերը։

Ի  տարբերություն նախորդ տարիների, «Շտապօգնության» ծառայության աշխատակիցները համեմատաբար հանգիստ են եղել տոնական օրերին։ Այս տարի Ամանորի տոներին թունավորումների դեպքեր չեն գրանցվել, տոնական օրերին օրական միջինում գրանցվել է 750 կանչ, մինչդեռ նախորդ տարի այս օրերին օրական գրանցվում էր միջինում 900 -1050 կանչ։ Թ. Ստեփանյանը սա մասամբ պայմանավորում է նաեւ նրանով, որ նախորդ տարի տոնական օրերին բավական շատ էին սուր շնչառական հիվանդությունների դեպքերը։ 2016թ-ի հունվարին սպասարկել են 26 500 կանչ եւ 23 300 կանչ, այն դեպքում, երբ տարվա մյուս ամիսներին միջինում ունեցել են 20 հազար կանչ։

Թ. Ստեփանյանի խոսքերով, միջինում օրական գրանցված 750 կանչերի պարագայում միայն 140-150 հիվանդն է տեղափոխվում հիվանդանոց։ Սա նշանակում է, որ ոչ բոլոր կանչերին են շտապօգնության ծառայության գործառույթի մեջ մտնում։ Ընդ որում՝ եթե օրինակ 2010 թ-ին Շտապօգնության բժիշկները սպասարկում էին օրական միջինում 400 կանչ, ապա հիմա այս ցուցանիշը հասնում է 700-750-ի։ «Սա պայմանավորված է ոչ միայն հիվանդությունների ավելացմամբ, այլեւ շտապօգնության ծառայության նկատմամբ մարդկանց ունեցած վստահության բարձրացմամբ»։

 

loading