Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի համար ընդունելի կետ՝ համանախագահների խոսքում (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey

Դեկտեմբերի 29-ին Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակումից հետո սահմանում լարվածության աճ չի գրանցվել։ Այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը լռեց՝ միջադեպի մասին խոսելով միայն օրերս։ Տարածված հաղորդագրությունում համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցին զերծ մնալ իրավիճակը սրելուց։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ համանախագահները կրկին հավասարության նշան դրեցին կողմերի միջև, այն դեպքում, երբ ակնհայտ էր՝ հարձակվող կողմը Ադրբեջանն է։ «Մինսկի խմբի այս հայտարարությունն ինձ համար կարևոր էր, ոչ թե որ հերթական ֆորմալ հայտարարությունն էր, այլ որ հերթական անգամ նշվել էր հանգամանքը, որ կողմերը պիտի կատարեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և սահմանագծում վստահության մեխանիզմների ձևավորման քայլեր իրագործել»,- ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նրա դիտարկմամբ՝ այդ ուղերձներն ուղղված էր բացառապես ադրբեջանական կողմին։ «Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի մոտեցումներն այս հարցում իրար համապատասխանում են»։ Սերգեյ Մինասյանի համար հասկանալի է հայաստանյան հասարակական շրջանակներում որոշակի դժգոհությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Այդուամենայնիվ՝ պետք չէ մոռանալ, որ այս կազմակերպությանն անդամակցումը Հայաստանին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով զենք-զինամթերք ձեռք բերել։ «Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում որևէ ձևով կարելի է խոսել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի մասնակցության ձևաչափի փոփոխման մասին»։ Քաղաքագետն ինչ-որ տեղ նաև բնական է համարում ադրբեջանական կողմից հաճախ հնչող հայտարարությունները, թե 800 հեկտար տարածքից բացի իրենք այլ հողեր էլ են նվաճելու. «Ադրբեջանական կողմը մոտ ապագայում չի մերվելու այն իրականության հետ, որը քառորդ դար պահպանվում է արցախյան հակամարտության շուրջ»։ Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքները շարունակելու են ուղեկցել Արցախի հարցի շուրջ բանակցային ողջ գործընթացը։