Իսպանիան կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահի դեմ

Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան մտադիր է բողոքարկել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի որոշումը՝ կապված աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հետ:

Ինչպես նշում է «Մարկա» թերթը, ԻՖՊԼ-ի նախագահ Խավիեր Տեբասը պատրաստվում է դիմել Բրյուսելի եւ Նիոնի դատարաններին: Իսպանիայի ակումբային ֆուտբոլի ղեկավարն այդ մասին անձամբ հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:

Խավիեր Տեբասը խստորեն քննադատել է վերջինիս առաջարկությունը՝ աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու համար: Ըստ իսպանացու, ՖԻՖԱ-ն այդ որոշումը կայացնելիս հաշվի չի առել ազգային լիգաների շահերը:

Ի դեպ, նախնական հաշվարկները ցույց են տվել, որ աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման դեպքում ՖԻՖԱ-ն կստանա 600 մլն եվրո լրացուցիչ շահույթ:

loading