Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում անհապաղ վերադարձնել աճյունները

Պաշտոնական
osce-baku

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) 2017 թվականի հունվարի 9-ին հայտարարություն են տարածել, որում նշված է. «Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր գրանցվեցին։ Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դիակը։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք լիովին պատասխանատվություն են կրում ուժ չկիրառելու համար։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստապես պահպանել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումների ժամանակ՝ ներառյալ կարճ ժամանակում ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պարտավորությունները։ Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես հումանիտար բնույթը։ Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»։