Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ոսկանյանը չի մտածում համալրման մասին (տեսանյութ)

Սպորտ
unnamed-64

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Բանանցն» առաջինն է վերսկսել մարզումները նոր տարում՝ նախապատրաստվելով առաջնության երկրորդ հատվածին: «Հունվարի 4-ից սկսած անցկացնում ենք հիմնականում վերականգնողական մարզումներ: Հունվարի 21-ին նախատեսել ենք ընկերական մեկ խաղ, իսկ 27-ից արդեն կմեկնենք հավաքների: Առաջինն անցկացնելու են Ռուսաստանում, իսկ երկրորդը՝ Թուրքիայում», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Ինչպես հայտնեց սկսնակ մասնագետը, թիմի առջեւ դրված խնդիրը չի փոխվել, թեեւ հանրապետության առաջնության առաջին կեսից հետո այն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին տեղը եւ բավականին ետ է մնացել առաջատար քառյակից: «Մեր նպատակը մնում է նույնը՝ մասնակցել Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին: Մենք մտել ենք Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ եւ դեռ պայքարում ենք մրցանակի համար, որը եվրոպական գավաթների ուղեգիր է տալիս: Առաջնությունում ձգտելու են հնարավորության սահմաններում բարելավել մրցաշարային գործերը», - նշեց «Բանանցի» գլխավոր մարզիչը: Արթուր Ոսկանյանը չի պատրաստվում կադրային նոր փոփոխություններ անել թիմում. «Մենք հրաժարվել ենք մի քանի լեգեոնականների ծառայությունից: Թիմում մնացել են միայն երկու արտասահմանցի խաղացող: Համալրման մասին առայժմ չենք մտածում: Առաջին հավաքի ժամանակ հնարավոր է 1-2 նոր ֆուտբոլիստներ փորձարկենք, սակայն մենք մտադիր ենք ավելի շատ ապավինել «Բանանց-2»-ի խաղացողների վրա», - եզրակացրեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը, որն առաջին լուրջ քայլերն է կատարում մարզչական բնագավառում: Նշենք, որ հունվարի 21-ին «Բանանցն» իր մարզադպրոցի արհեստական խաղադաշտում ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի ընթացիք առաջնության միանձնյա առաջատար «Շիրակի» հետ: