«Սասնա ծռեր» խմբի անդամին մերժեցին (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նրա պաշտպանի դիմումը չի բավարարվել։ «Համապատասխան ապացույցներ կան, որով հաստատվում է, որ նրա առողջական վիճակը չի փոփոխվել: Նույն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից ես ունեմ համապատասխան պատասխաններ իմ գրություններին, որոնց համապատասխան որեւէ բժիշկ իր ոտքի բուժման հետ կապված չի այցելել: Հետեւաբար՝ չեմ հասկանում, թե ինչ իրավական հիմքով են Հովհաննես Հարությունյանին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամը աջ ոտքի հրազենային երկու վիրավորում է ստացել հուլիսի 26-ին գիշերը՝ ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ։ Նրան վիրահատելը անհրաժեշտ չի համարվել։ «Գիտեք նա աստիճաններով իջնում, բարձրանում է, եւ ես տեսնում եմ, որ ոտքը նորմալ չի ծալում եւ բացի այդ ցավեր ունի: Չեմ կարծում, որ հրազենային վնասվածքի պատճառով առաջացած բազմաբեկորային կոտրվածքը հնարավոր է բուժվի»: «Սասնա ծռեր» խմբի անդամին դեկտեմբերի 30-ին են տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Ամանորյա տոները պատճառ են դարձել, որ պաշտպանը այսօր նոր միայն փորձի պարզաբանում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից եւ Գլխավոր դատախազությունից: «Ակնկալում եմ, որ պատասխանը կստանամ հենց Գլխավոր դատախազից, քանի որ սովորաբար Գլխավոր դատախազին ուղարկված դիմումներին, պահանջներին պատասխան ենք ստանում իրենց տեղակալներից»,-ավելացրեց պաշտպանը: Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի հետ բաժնից փոխանցեցին, որ Հովհաննես Հարությունյանը ստացիոնար բուժման կարիք չունի, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: