Անտիցիկլոնը չի հանձնվի ևս 5 օր (տեսանյութ)

Երևանցիները տաքանալու հույս պետք է դեռ չունենան։ Արարատյան դաշտն ու մայրաքաղաք Երևանը շրջափակած սառը օդային զանգվածները հետ չեն քաշվի մի քանի օր ևս։

«Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական լուրջ փոփոխություն չենք սպասում, գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Իսկ անտիցիկլոնն այնպիսի երևույթ է, որ արգելափակում է բոլոր տեսակի տեղումնաբեր օդային զանգվածների ներհոսքը Հայաստան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի պաշտոնակատար Գագիկ Սուրենյանը։

Վաղը Հայաստանի արևմտյան շրջաններում թույլ ձյուն կգա, հունվարի 11-ից 15-ը առանց տեղումներ եղանակ կլինի։ Գագիկ Սուրենյանի պնդմամբ՝ այս շրջանում ջերմաստիճանի սանդղակին դրական թիվ չի արձանագրվի։

«Օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածներում գիշերային ջերմաստիճանը -13 աստիճան է, ցերեկը՝ -7-ից… -9 աստիճան, իսկ այն շրջաններում, որտեղ շատ բարձր ջերմային ֆոն է, հունվարի 11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով»,- ասում է պարոն Սուրենյանը։

Հավելենք, որ այս օրերին Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում համեմատաբար տաք է։ Ձմռան խիստ շունչն ստիպված են զգալ Արարատյան դաշտի բնակավայրերի ու Երևանի բնակիչները։

Գագիկ Սուրենյանն իդեպ  այս առումով ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Արագած լեռան գագաթին էլ է -10, Երևանում էլ է -10 աստիճան, երնեկ մեզ»,- ասել է նա։

loading