Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին դեղը՝ լյարդի համար. սննդաբանի խորհուրդը (տեսանյութ)

Հասարակություն
snndaban

Սննդաբան Հասմիկ Աբովյանը կարծում է, որ մասնագետների խորհուրդները Ամանորի սեղանի գնումներն ու տոնական ուտեստների քանակը նվազեցնելու վերաբերյալ տվել են իրենց արդյունքները. մարդիկ այս տարի ավելի քիչ գնումներ են կատարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Աբովյանն ասաց, որ, նկատել է՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի խանութները չեն դատարկվել տոնական օրերին։ Սննդաբանի խոսքով՝ սոված մնալու վախն է, որ մարդկանց ստիպում է այդքան շատ ուտելիք պատրաստել Ամանորին. «Շատ լավ կլինի, որ մեր սերունդներին փոխանցվի այն, որ կերակուր կա, այն շատ է, և մենք այդ կերակուրը չենք դիտում որպես պաշտպանողական մի բան, այդ վախը դուրս կգա մեզանից։ Այդ դեպքում տոները կանցնեն ավելի աշխույժ, իրական, ոչ թե ուտելով, թունավորվելով և հիվանդանոց ընկնելով»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է տոնական ուտեստներին, ապա Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս խիզախություն հավաքել և դեն նետել դրանք. «Չարժե որևէ կերպ հին մթերքը մշակել և օգտագործել։ Մեր մարմինը, մեր առողջությունը, մեր կյանքը ավելի թանկ արժեն, քան այդ ուտելիքը։ Եթե թունավորվեք, ավելի շատ ծախս եք անելու՝ հիվանդանոց ընկնելով և բուժվելով»։ Սննդաբանը խորհուրդ տվեց այս օրերին բեռնաթափել օրգանիզմը՝ մաքրելով այն ծանր սննդի հետևանքներից. «Խորհուրդ չեմ տա քաղցով բեռնաթափվել տարեցներին, առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց։ Բեռնաթափումը նշանակում է ընդամենը հրաժարվել ծանր սննդից, ուտել փոքր չափաբաժիններով, հրաժարվել քաղցրից, ճարպից, հաճախակի խմել ջուր, կանաչ թեյ, սուրճ։ Կարծրացած մտածելակերպ կա, որ սուրճը վնասակար է, բայց եթե այս օրերին շատ ծանր կերակուրներ եք կերել, շատ ալկոհոլ եք օգտագործել, առաջին դեղը ձեր լյարդի համար սուրճն է»,-եզրափակեց նա։