Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես տոներին պետք է սնվեն մեծերն ու փոքրերը

Հասարակություն
christmas-party-venue-belfast-city-centre

Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

1. Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը.

Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք է տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին:

2. Սահմանափակե՛լ շաքարի օգտագործումը. 

Շաքարի օգտագործման չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածքներ, կրեմային հրուշակեղեն, հյութեր և գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ:

3. Նախապատվությունը տա՛լ մրգին և բանջարեղենին.

Խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, թարմ միրգ և բանջարեղեն, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով:

4. Սնվե՛լ չափավոր.

Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:

5. Պահպանե՛լ սննդի ընդունման ռեժիմը.

Հնարավորինս պետք է պահել սնման ճիշտ ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:

6. Սահմանափակե՛լ ալկոհոլի օգտագործումը. 

Պետք չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Իսկ օգտագործելու դեպքում, չի կարելի չարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

Երեխաների սնունդը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի անծանոթ սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես`թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք  թարմ է այն։ Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Հիշել է պետք՝ ինչքան վարակներ են անցնում անլվա ձեռքերից։ Եթե Ձեզ հետ ջուր չունեք, անհրաժեշտ է գոնե թաց անձեռոցիկ օգտագործել։ Առողջապահության նախարարություն