Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P.S. ռետրո. Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում դանակահարել փողոցում մականունով դիմողին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
M8Gqos4WV90

Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը 1999-ի սեպտեմբերին հրաժարական է տալիս թաղապետի պաշտոնից: Նա ուզում է զբաղվել ծխախոտի բիզնեսով Ռուբեն Վարդանյանի հետ: Ինքը չի ափսոսում հրաժարականի համար. «Թող դնեն իրենց թեկնածությունները մարդիկ, թող ժողովուրդը գնա տենա ճիշտը որն ա, ընտրի»: Ինքն ընտրողներից ներողություն է խնդրում: Ընտրողները կհասկանան իրեն: Ինքը խոստանում է չխառնվել ընտրական գործընթացներին եւ իր մարդուն չպարտադրել. «Չի կարելի միջամտել, չի կարելի ակտիվություն ցույց տալ եւ չեղած տեղից մարդկանց բերել սարքել թաղապետ, պատգամավոր»: Ռուբեն Հայրապետյանն այն գործիչներից էր, որի վրա 1998-ի հունվարի 20-ին կատարված մահափորձից հետո տեսանելի դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության մեջ սկսված ճգնաժամը: Պարոն Հայրապետյանի կարծիքով դա զուգադիպություն էր. «Իմ կարծիքով վաղուցվանից պլանավորված մահափորձ ա եղել եւ ես չեմ կարծում, որ ինչ-որ կապ կար»: Մեղադրյալի աթոռին նստած է մի մարդ, որը Ռուբեն Հայրապետյանի տնտեսական մրցակիցների ներկայացուցիչներից է: Բայց այդ մրցակիցը Սամվել Բաբայանը չէ, որը նույնպես զբաղվում է ծխախոտի բիզնեսով եւ որի հետ Հայրապետյանը հակասություններ ուներ. «Մեր մեջ նորմալ հարթվել ա էդ խնդիրները, ընդեղ հիմա որեւէ պրոբլեմ չունենք իրա հետ»: Ռուբեն Հայրապետյանը սպասում է, որ Հայաստանում այդպիսի մահափորձեր էլի են լինելու, մենթալիտետի հարց է. «Մեր ժողովուրդը դեռ չի ուզում հասկանալ սեփականատերը եւ չի կարելի ոտնձգություններ անել նրա նկատմամբ»:  Ռուբեն Հայրապետյանը վստահեցնում է, որ իր բիզնեսին ուժային նախարարներից ոչ մեկը տանիք չէ: Բայց եթե որեւէ մեկը փորձի խլել իր բիզնեսը՝ Աստծուն փառք, գոյություն ունեն լրատվամիջոցներ, ինքը բոլորին կասի. «Կդիմենք, կխնդրենք, կպայքարենք»: Ավանի նախկին թաղապետը թաղային հեղինակություն էր եւ նույնիսկ մականուն ունի: Ինքը համաձայն է, որ մականունով մարդ է, բայց դրա համար չի պատրաստվում դանակահարել փողոցում մականունով դիմողին. «Դա իմ մականունն ա եղել, իմ տատուս եղբորից եկած, ժառանգած»: 1999-ի Ազգային Ժողովի մայիսյան ընտրություններում մեծամասնական ընտրակարգով Ավանի թաղապետը պաշտպանում էր ոչ իշխանության թեկնածուին՝ համալսարանի լեզվաբան դասախոսի: Պարտվեց. «Ես ցանկացել եմ իրեն պատդերժկա անեմ: Երբեք ըտենց չի եղել, որ մեկ նրան պատդերժկա անեն, մեկ նրան: Հենց սկզբից էլ պատդերժկա են արել Կոստանյանին»: 2002 թվականին գործարար Ռուբեն Հայրապետյանը դարձավ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2003-ից երեք անգամ անընդմեջ դարձավ խորհրդարանի պատգամավոր: 2012-ի հուլիսին նա ստիպված վայր դրեց մանդատը իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում բանակի սպա Վահե Ավետյանի դաժան ծեծի եւ մահվան պատճառով: