Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանին չհաջողվեց հասնել առաջատարներին

Սպորտ
unnamed-51

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մեդալ նվաճել Քաթարում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը չնայած վստահ սկսեց առաջնությունը՝ մեկնարկային վեց տուրում տանելով 5 հաղթանակ, սակայն հետո թուլացրեց տեմպերը եւ առաջին տեղից նահանջեց 4-րդ հորիզոնական: Ճիշտ է, նա դեռեւս կարող էր պայքարել մրցանակային տեղերի համար, քանի որ վերջին հինգ տուրերից առաջ արդեն հանդիպել էր մրցաշարի գլխավոր ֆավորիտների հետ: Սակայն մեր շախմատիստը անվստահ անցկացրեց առաջնության վերջնամասը, տարավ ընդամենը մեկ հաղթանակ, վերջին պարտիան արագ ոչ-ոքի ավարտեց եւ վաստակեց ընդամենը 9,5 միավոր: Նա ի վերջո զբաղեցրեց 9-րդ տեղը: Փոփոխական հաջողություններով հանդես եկավ նաեւ մեր հավաքականի մյուս անդամը՝ Հրանտ Մելքումյանը: Նա նույնպես լավ մեկնարկեց՝ չորս հաղթանակ 5 խաղում, սակայն միջնամասում երկու անընդմեջ պարտություն կրեց եւ ետ մնաց առաջատարներից: Չնայած դրան, մեր շախմատիստը չորս հաղթանակ տարավ հաջորդ հինգ տուրերում եւ կրկին դարձավ մրցանակային տեղերի հավակնորդ: Ավաղ, նրան չհաջողվեց զարգացնել հաջողությունը, վերջին տուրում պարտվեց առաջնության առաջատար Վասիլի Իվանչուկին եւ 9 միավորով գրավեց 18-րդ տեղը: Մեր երրորդ մասնակիցը՝ գրոսմասյտեր Վլադիմիր Հակոբյանը, այս անգամ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ, 15 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ առաջնությունն ավարտեց 39-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը 11 միավորով նվաճեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից եւ նորվեգացի Մագնուս Կառլսենից, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը: Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին առաջնության մասնակիցներն ուժերը կչափեն արդեն կայծակնային շախմատում: Նրանք շվեյցարական մրցակարգով կանցկացնեն 21 տուր: