P. S. ռետրո. Վարդան Ղուկասյան. Մենք թագավոր չսիրող, կաթողիկոս չսիրող ազգ ենք (տեսանյութ)

Երկրաշարժից ուղիղ 12 տարի հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տվյալներով` անօթեւան է 14 հազար ընտանիք. «Այսօրվանից մինչեւ տարվա վերջ ամեն օր Գյումրիում բնակարանամուտ է լինելու»:

Վարդան Ղուկասյանը Գյումրիում հայտնի մարդ է, նա քաղաքականություն է մտել Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցին կառուցելով, որը դեռ անավարտ է. «Հայ ժողովուրդը ուր որ գնացել է, առաջինը իր հոգու տաճարն է կառուցել, հետո նոր մարմնականը»:

Մարմինը ոչնչություն է,-սկսում է Գյումրիի քաղաքապետը,-մարմինն ինքնըստինքյան է մահանում, պետք է մեր աղոթատունը ստեղծենք, խնդրենք առ Աստված, որ մեզ սեր տա. «Որպես հավատացյալ մարդ առաջինը նախընտրում եմ եկեղեցի կառուցել, նոր բնակարան, ոնց որ մեր պապերը»:

Քաղաքապետը բնակարանների եւ Գյումրիի այլ խնդիրների մասին խոսում է ավելի կաշկանդված, քան Աստծո եւ եկեղեցիների: Նա գիտի Գյումրիի բոլոր սրբարանների տեղը, բայց նաեւ ոսկերչական գործարանի տեղը, որը հենց նոր են բացել եւ դարձյալ ոչ առանց Աստծո օգնության. «Կազմակերպեցինք, կարողացանք այդ գործարանը բացել Աստծո ողորմածությամբ»:

Աշխատատեղերի խնդիր էլ չկա Գյումրիում, շաքարի գործարանի հիմնաքարն է դրվել: Երկու տարվա ընթացքում սպասում են, որ այն կաշխատի: Վարդան Ղուկասյանը պատրաստ է բոլոր ներդրողներին տարածք տրամադրել. «Իմ քաղաքապետ եղած ժամանակ ժողովուրդը մի քիչ էսպես գլուխ գովալ պետք չի, ժողովուրդը մեր համար երդում է ուտում»:

Ինքը տնտեսագիտական հարցեր է բարձրացնում՝ արտոնություններ պետք է տալ բոլորին, ովքեր Գյումրիում ուզում են աշխատատեղ բացել, իր մոտ դա ստացվել է, ինքը մարզի առաջին ֆերմերներից էր. «Եվ կոմունիստների ժամանակվանից եւ մինչեւ էս վերջին տարիները ունեցել եմ խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ Ամասիայի դաշտերում, գիշեր ցերեկ 10 տարիներ անքուն անդադար չարչարվել ենք, 200 մեծ անասուն ենք ունեցել 500 մանր, եւ էդպես շատ-շատ բաներ ունեմ, Աստծո ողորմածությամբ»:

Վարդան Ղուկասյանը ոչ մեկի աչքը մտնելու ցանկություն չունի: Իրեն ժողովուրդն է ընտրել, ու ինքը վախենում է միայն Աստծուց: Եվ այդ պատճառով ինքը դժվար է հասկանում նրանց, ովքեր դժգոհ են ամեն ինչից ու մարդ են փնտրում, որին կարող են մեղադրել ամեն ինչի համար. «Մարդիկ սովորել են, որ եթե տաքսու շոֆերը մեքենան սխալ է քշում, ասում են նախագահն է մեղավոր, բոլորը մեղքը գցում են վերեւինի վրա: Մենք թագավոր չսիրող, կաթողիկոս չսիրող ազգ ենք: Երջանկահիշատակ Դեմիրճյանին ասում էին չգիտեմ ինչ՝ Դեմիրճյան-դավաճան: Դրանից հետո Սուրեն Հարությունյանին՝ մորքուր-հորքուր, Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես ասում էին, նույնը Ռոբերտ Քոչարյանին»:

Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետն էր մոտ 13 տարի: Քաղաքապետության ընթացքում նա վերապրեց երկու մահափորձ: Այդ ժամանակ եւ այսօր էլ նրա կամ նրա որդու անունը հնչում է այս կամ այն քրեական պատմության մեջ: