Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաստուրման խանութներում 50%-ով թանկ է վաճառվում» (տեսանյութ)

Հասարակություն
tankacumner

«Ամանորի նախաշեմին սննդամթերքի էական թանկացումներ  չկան», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ չնչին՝ մոտ 300-500 դրամով թանկացել է մսամթերքը, երշիկեղենն ընդհանրապես չի թանկացել, բացառությամբ՝ բաստուրմայի. «Պատրաստվում ենք վարչապետին զեկուցել այդ մասին։ Պատկերացնու՞մ եք՝ խանութները արտադրողից գնում են բաստուրման ինքնարժեքից մի քիչ բարձր և 50 տոկոս թանկ դնում վաճառքի։ Բացի այդ, արագ տեմպերով բարձրանում է ընդեղենի գինը։ Մենք զրուցել ենք վաճառողների հետ, նրանք հիմնականում վերավաճառողներ են, ասում են, թե Լարսը առժամանակ փակ է եղել, թանկացումները դրանով են պայմանավորված, բայց մենք ուսումնասիրել ենք շուկան  նաև անցակետի  բացվելուց հետո, և պատկերը նույնն է»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ սպառողների գնողունակության նվազման պատճառով է, որ թանկացումներ գրեթե չկան այս տարի։ Տիկին Հակոբյանն այս օրերի համար ևս մեկ խնդիր առանձնացրեց՝ պայթուցիկների անարգել վաճառքը. «Դրանք վաճառվում են անչափահասներին, որոնք օգտագործման կանոններին չեն տիրապետում։ Դա շատ լուրջ խնդիր է։ Գոյություն ունեն այդ պայթուցիկների վաճառքի և օգտագործման ստանդարտներ, որը ծնողը պետք է  հետևի, իր երեխային սովորեցնի, բայց այսօր դրանք վաճառվում են հենց այնպես»։