Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվտանգության կանոններ՝ Ամանորին. ԱԻՆ-ը զգուշացնում է

Հասարակություն
69b656cf270d7c48af24a66406ed81ea

Ամանորյա տոները ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. - Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. - Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք. - Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը. - Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը. - Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել. - Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր. - Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Չի թույլատրվում` - տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև. - օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ. - օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր. - տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով. - միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել. - ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ: Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրևները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից: Մի՛ մոռացեք. Չի կարելի երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ: Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները. • Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով. • Ահազանգեք հրշեջներին և երեխաներին դուրս բերեք սենյակից. • Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է). • Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք. • Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը. • Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան. • Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը Ամանորյա հանդիսությունների ժամանակ: