Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցի» տաքսիստը չի կարողացել խաբել երկու հարավկորեացու

Հասարակություն
Koreaciner

Հարավկորեացի Ջոն Կոնն ընկերոջ՝ Յոն Սուգ Յոի հետ Հայաստանում է արդեն 25 օր: Առաջին օրերին 2 կմ-ի համար հայ տաքսիստները նրանցից վերցնում էին 6 հազար դրամ: Հիմա նրանք գիտեն, որ հազար դրամ էլ չի ձգում: Օրերս նրանք գործով հասել են «Զվարթնոց» օդանավակայան, տաքսիով այնտեղից քաղաքի կենտրոն վերադառնալիս վարորդը պահանջել է 15 հազար դրամ: «Մենք ըմբոստացանք, իջավ 10 հազարի, ասացինք՝ չի լինի, իջավ 5 հազար, վճարեցինք 4 հազար դրամ եւ իջանք»,-ասում է Ջոն Կոնը: Նրանք Հայաստանում են խաղաղության առաքելությամբ: Հայ ժողովրդին, իրենց բառերով, առաջարկում են «երկնային մշակույթ»: Ջոնն ասում է «Երկինքը սահմաններ չունի, իսկ Ամերիկան ունի, Հայաստանն ունի: Օրինակ, աղքատն ու հարուստը շնչում են նույն օդը, մեզ դա է ընդհանրացնում»: Սովորաբար Ջոնը եւ Յոնը խաղաղության մասին իրենց զրույցները քաղաքական գործիչների հետ չեն վարում: «Քաղաքական գործիչն այն բանի համար է, որ խոսի մեր անունից, ինչը չի անում: Մինչեւ ե՞րբ սպասենք: Դրա համար մենք ենք անցնում գործի»,-ասում է մյուսը՝ Յոնը: Ըստ նրա, քաղաքական գործիչները միշտ են պատերազմ ուզելու, նրանց զսպողն ազգաբնակչությունն է: Ինչու՞ են նրանք խաղաղություն քարոզում Հայաստանում, Ջոն Կոնն ասում է, որ իրենք սկսում են փոքր երկրներից: Նրանք ակտիվացել են վերջին տարիներին, արդեն եղել են Հորդանանում, որը պատերազմական երկիր չէ, սակայն ունի փախստականների խնդիր: Փախստականները դուր չեն գալիս հորդանանցիներին: Սա լավ նշան է, նշանակում է՝ Հորդանանի իշխանությունները դեմ են մի պատերազմի, որի պատճառով փախստականները լցվում են իրենց երկիր: Հայաստանը նույնպես փոքր երկիր է եւ հարավկորեացիների տպավորությամբ ավելի հյուրընկալ են, քան՝ արաբները: Խաղաղության քարոզիչներին դուր է եկել, որ այստեղ փողոցներում շատ ոստիկաններ կան: Հայաստանը նույնպես խաղաղության կարիք ունի, հարավկորեացի քարոզիչները ուզում են, որ մենք ընկալենք ադրբեջանցիներին, նրանք էլ՝ մեզ: