Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետն այն կետում է, որտեղ դոփում էր Հովիկ Աբրահամյանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
954e8f1b3946aee148e9c8de9100b412

Հանրապետական Գագիկ Մելիքյանը չի կարող ասել, թե Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրվա ընթացքում ինչքան է կրճատվել ստվերը. «Ստվերը ոչ միայն էս պահի դրությամբ չենք կարող ասել, թե ինչքան է կրճատվել, այլ որեւէ մեկը չի կարող ասել, թե ստվերը որքան էր»: Ստվերի չափի մասին տարբեր հրապարակումները Գագիկ Մելիքյանը լուրջ չի համարում, մարդիկ կան, որոնք ստվերի չափ են նշում ըստ իրենց իջեցված պատվերի՝ 40 տոկոս, 30 տոկոս, 20 տոկոս. «Կառավարությունը պետք է տեղյակ լինի գոնե նվազագույն չափերի մասին, եթե տեղյակ լինի ամբողջությամբ, քայլեր կկատարի ստվերն ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ»: Անարդյունավետ ծախսեր է կրճատել Կարեն Կարապետյանը, դրանք նույնպես ստվերի մաս են,-համոզված է Հանրապետական պատգամավորը: Սակայն հայտնի է, որ ընդամենը օրեր առաջ կառավարությունը շնորհավորանքների համար հազարավոր թանկարժեք բացիկներ է ձեռք բերել. «Շնորհավորանքները երբեւէ անարդյունավետ չեն եղել, դրանք ընդամենը հորինված միջոցներ են ինչ-որ բացասական երեւույթներ նկատելու համար: Ես բոլորիդ շնորհավորում եմ առանց ծախսերի, սա արդյունավետ շնորհավորանք համարեք»: Ընդդիմադիր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցնցված է Կարեն Կարապետյանի գործունեության 100 օրից՝ ինչ արագ այդ մարդը կորցրեց իր հեղինակությունը. «Ավելի արագ հասավ նախկինների ռեյտինգին, քան նախկիններն էին հասել»: Ինքը հիշում է, որ Կարապետյանն իսկապես հույսեր էր արթնացրել Հայաստանի բնակչության մոտ: Բայց հիասթափությունն օդի մեջ չէր: Վարչապետը խորհրդարան բերեց մի բյուջե, որով նախատեսված չէր բարձրացնել ոչ աշխատավարձերը, ոչ թոշակները եւ ոչ էլ նպաստները. «Առաջին տարին է ընդ որում: Երբեք չի եղել, որ գոնե թղթի վրա աշխատավարձ կամ թոշակ չավելանար»: Վարչապետի մյուս խայտառակությունը հարկային տարեկան մուտքերը ընդամենը 0,3 տոկոսով բարձրացնելու հայտն էր: Խոսքն ընդամենը 50 միլիոն դոլարի մասին է. «Դահլիճում կարող եք գտնել 100 հոգի, որոնք կարող են էդ 50 միլիոն դոլարը դնել հանգիստ եւ ախ էլ չքաշել»: Սակայն 100 օրվա ամենատհաճ կետն, ըստ Արամ Մանուկյանի, այն էր, որ վարչապետն իր ամբողջ թիմով դարձավ Հանրապետական: Մտքի ի՞նչ պայծառացում տեղի ունեցավ նրանց հետ. «Նրանք շատ արագ ապացուցեցին, որ հներին չեն անդրադառնալու, ոչ մի հանցագործություն չեն բացահայտելու, ավելին մտնելու են Հանրապետական եւ ենթակա են միակուսակցական հրահանգներին»: Հայաստանի տնտեսությունը 2017 թվական է մտնում զրոյական հույսերով: Վարչապետն, ըստ Արամ Մանուկյանի, այն կետում է, որտեղ երկու տարի դոփում էր Հովիկ Աբրահամյանը։