Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ է ընդդիմությունը քննադատում մյուս ընդդիմադիր ուժերին (տեսանյութ)

Քաղաքականություն
Zurabyan-Levon3

Հանրապետական Ռուզան Մուրադյանի կարծիքով Հանրապետականն անցնող տարում բավարար պայմաններ է ստեղծել ընդդիմության գործունեության համար. «Հանրապետականը ինքը նախաձեռնում է, որպեսզի ընդդիմադիր դաշտում հավաքագրվեն, համախմբվեն»: Նա համաձայն չէ, որ իր կուսակցությունը քաղաքական դաշտում այլեւս անելիք չունի, ժողովուրդը տեղական վերջին ընտրություններով ապացուցեց, որ ունի. «Մի քանիսի մինչ այդ արտահայտությունները, հայտարարությունները, որ ժողովուրդը հոգնել է Հանրապետականից, դա այլեւս իրականություն չէ»: Հանրապետական Հակոբ Հակոբյանը դժվարանում է ասել՝ Հայաստանում կա՞ վստահելի ընդդիմադիր ուժ: Սեյրան Օհանյանի ընդդիմադիր լինելու մասին հարցն էլ է դժվար, թեպետ միանգամից է հակադարձում պաշտպանության նախկին նախարարի այն մտքին, որ ինքը իշխանության հետ չէ. «Հայտարարելը քիչ է»: Դաշնակցական Աղվան Վարդանյանը Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելը համարում է հատկապես իրենց ջանքերով ընդունված Սահմանադրության արդյունք. «Ես Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելու հայտարարությունը կարդացել եմ, հակաիշխանական որեւէ հստակ ձեւակերպում այնտեղ ես չեմ տեսել»: Ինքը՝ իշխանության մեջ գտնվող Դաշնակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին, այլ ոչ թե Հանրապետականի հետ: Այդ դեպքում՝ որպես իշխանությու՞ն, թե ընդդիմություն. «Բոլորը փորձում են ներկայանալ որպես ամենաընդդիմադիրը, բայց ես հարց եմ տալիս չէ՝ այն հիմնարար ուղղություններով, որ այսօր դրված են առանցքում բոլոր թերություններով, խնդիրներով, պրոբլեմներով հանդերձ, ի՞նչ է գալու եւ փոխելու ընդդիմադիր ուժ, կարո՞ղ եք ասել, որ այսօր դրված չէ այդ խնդիրը»: «Հայաստանը կեղծ ընդդիմադիր ուժեր ստեղծելու փորձ ունի»,-ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Սակայն չի ասի, թե այսօր ովքեր են հատկապես ընդդիմություն խաղում Հանրապետականի սցենարով. «Հենց որ տեսնում եք, որ որեւէ ընդդիմությունն սկսում է քննադատել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմադիր ուժերի, իմացեք, որ նա ստեղծված է այդ նպատակով, որպեսզի քննադատի իշխանությանը»: Հայաստանում, ըստ Լեւոն Զուրաբյանի, կառավարելի ժողովրդավարություն է, եւ կեղծ ընդդիմություն ստեղծելը հենց դրա արտահայտություններից է: