Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ФСБ-ի տեսադաշտում Հայաստանի քաղաքացիներն են (տեսանյութ)

Քաղաքականություն
fsb-nkar

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տիրապետում է Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալներին։ Օրինակ՝ երբ և ում հետ ՀՀ քաղաքացին դուրս եկավ երկրից եւ երբ վերադարձավ։ «Ռուսաստանի ԱԴԾ-ն, որն հայտնի է ФСБ անունով, հասանելիություն ունի քաղաքացիների տվյալների բազային։ Այսինքն՝ ցանկացած անձ, ով երբևիցե հատել է Հայաստանի պետական սահմանը, իր մասին բոլոր տեղեկությունները Ռուսաստանի ԱԴԾ-ն իմանում է՝ անկախ նրանից, թե որ անցակետով է հատել՝ Սադախլո, Այրում, թե Բավրա»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Ռուսաստանի ԱԴԾ-ն, որը կարող է հասանելիություն ունենալ Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների բազային՝ կառավարության կողմից սահմանված կառույցների ցանկում չկա ։  Ըստ ԱԱԾ-ի՝ Ռուսաստանը նման իրավունք է ստացել 1992 թվականին կնքված սահմանապահ ծառայության մասին պայմանագրով, որով ռուսները Թուրքիայի ու Իրանի հետ սահմանային կետերում հսկողություն իրականացնելու իրավունք են ստացել։ Այս պարագայում՝ ռուսներին տրվել է օրենքից չբխող լիազորություն։ «Ինչու պետք է այլ պետության հատուկ ծառայությունն ունենա ամբողջ հասանելիությունը Հայաստանի պետական սահմանի տեղեկատվական համակարգի։ Ռուսաստանի ФСБ-ի ի՞նչ գործ՝ Հայաստան ով մտավ ով դուրս եկավ։ Սա ուղղակի Հայաստանի ներքին գործերի միջամտություն է»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Հարցն այժմ քննվում է Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» -ն  է դիմել գործակալություն։ «Մենք նայելու ենք սկզբունքային մակարդակով՝ կա՞ արդյոք նախատեսված է արդյոք էս ամեն ինչը օրենքով, թե՞ չէ։  Արդեն որոշակի օրենսդրական բազա ունենք, որ ուսումնասիրում ենք, և նայելու ենք նաև համաչափության սկզբունքը՝ արդյո՞ք փոխանցվում է այն նպատակի համար, որի համար, որ այդ տվյալը գոյություն ունի»,- նշում է Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը։ Դանիել Իոաննիսյանը պնդում է. «Այն, որ օրենքի տեսանկյունից այդ հասանելիությունը պետք է ամբողջությամբ փակվի՝ հստակ է, որովհետև չկա որևէ միջազգային պայմանագրի դրույթ, որը թույլ կտա այդ հասանելիությունը տալ»։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որոշումը կհրապարակի հաջորդ տարվա հունվարին։