Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ բազմացումը գիտե՞ք ինչ փորձանքի է բերում. քննարկում ԱԺ-ում

Տնտեսություն
d4b4fbbc1dbbd2e3782b61518158a06c

ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով խորհրդարանական լսումներին Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ Եվրոպայից ՀՀ է  ներմուծվել 2000 բարձր ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանի, որոնք համապատասխան պայմաններով կբաշխվեն գյուղացիներին։ Հիմնական զեկուցող Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ տոհմային տավարաբուծության զարգացման, տեղական ցեղերի կատարելագործման համար մշակվել է 2007-18թթ. ռազմավարական ծրագիր. «Նախատեսվում է ներմուծել 12110 խոշոր եղջերավոր կենդանի: Մեկ երինջի գինը կազմել է 2000-2100 եվրո: Լավ արդյունքի հասնելու համար պետք է տոհմասելեկցիոն աշխատանքներ անել, հավաքել սերմնահեղուկ, արհեստական սերմնավորման միջոցառումներ անել: 8000-8500 կով արդեն արհեստական սերմնավորվել է, որոնք մասնակի վարկավորմամբ գյուղացիներին կտրամադրվեն»: Լսումներին մասնակից Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Գուլոյանն իր խոսքում նշեց, որ պետք է օգնել վերականգնելու տոհմային գործը. «Կիրգիզները մեզնից առաջ են, մենք պետք է օգնենք հայ ժողովրդին: Պետք է օրենք ընդունել, որ կենդանիները եւս իրենց իրավունքներն ունեն: Հուզվեցի, կներեք: Կենդանիներին պետք է սիրել: Ֆերմերն այսօր չի ուզում մի կոպեկ փող ծախսի, նա ուզում է միայն կուտակել: Գենետիկական շարժ պետք է լինի, դրա համար պետք է ներմուծել կենդանիներին, ազատ բազմացումը գիտե՞ք ինչ փորձանքի է բերում: Սեռացանկության դեպքում առավոտյան թող տանեն մոզիներին ձեռնասերմացում անեն»: Աշոտ Հարությունյանը նշեց, որ կամաց-կամաց կդադարեցվի արտերկրից ներմուծումը, ֆերմերներին կտրամադրվեն տեղական սերունդներ. «Երկու հարյուր հորթ բարձր արժեքով վաճառել ենք Վրաստանին, սակայն ներմուծված կենդանիների մեջ եղել են նաեւ այնպիսիք, որոնք բնական անկում են ունեցել: Հանրապետությունում ներքին պահանջ ձեւավորված չի եղել, ու որեւէ մեկը չի արգելել՝ հորթերը վաճառելու Վրաստան»: «Արզնի» տոհմային ֆերմայի համասեփականատեր  Արմեն Ջամվելյանն իր խոսքում նկատեց իրենց կովերի կաթնատվությունը ավելի քիչ է, քանի որ արոտային պայմաններում են գտնվում, միայն կթու կովերն են մսուրային վիճակում. «Դա ավելի հարմար է՝ վաճառելու ու արտահանելու համար, քանի որ մեր կովերը սովոր են, կլիմային վարժեցված են՝ ցուրտ ու արոտային պայմաններին: Վրաստան արտահանելու հետ կապված ասեմ, որ վաճառել ենք մեկ միլիոն դրամով, որը շատ ավելի էժան էլ, քան ներմուծածը: Կոչ եմ անում ստեղծել իրավիճակ՝ ոչ կլիմայավարժեցված երինջների ներկրումը խիստ սահմանափակելու համար, ներկրել խիստ անհրաժեշտության դեպքում: Ներմուծված կենդանիները ոչ մի հիվանդությունների դեմ սրսկված չեն, մենք ենք վակցինացնում նրանց, իսկ կենդանիները հղի վիճակում, երբ սրսկվում են, վիժումները լինում են դրա արդյունքում: Եկեք մեր տոհմանյութը վրացիներին չվաճառենք, լավություն չանենք, իսկ մենք բերենք ներմուծված կենդանիներ ու կլիմային վարժեցնենք»: ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իրենք պատրաստ են լսելու ու փորձելու ընդառաջել ֆերմերներին. «Պետությունը բերել է այդքան սորտեր, այդքան աշխատանք է կատարել, ֆերմերները մտել են այդ պատասխանատվության տակ, մենք պետք է փորձենք այս խնդիրներին լուծում տալ: Ակնկալում ենք ակտիվ համագործակցություն»: