Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվել է Հայաստանում միակ պալիատիվ թերապիայի բաժանմունքը

Հասարակություն
nk-1

Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, որը ճանաչվում է մարդու իրավունքների բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, որոնց միացել է Հայաստանը: Պալիատիվ խնամքը Հայաստանում Երբ սկսեցի գրել այս նյութը, փորձեցի խորհրդակցել  ընկերներիցս մեկի հետ, ով  ժամանակին աշխատում էր առողջապահական թեմայով հեռուստահաղորդման թիմում որպես լրագրող, ինչպես նաեւ նույն թեմայով մի շարք  հոդվածների հեղինակ է: Եւ հարցիս՝ Հայաստանում պալիատիվ օգնության մասին թեմայով ում հետ խորհուրդ կտաս խոսել, որքան էլ ինձ համար զարմանալի էր, պատասխանեց հարցով. «Իսկ ի՞նչ է պալիատիվը»:  Ես՝ տվյալ պահին՝ խորհուրդ հայցողս, սկսեցի առողջապահական թեմաները  տարիներ շարունակ լուսաբանող լրագրողին բացատրել, թե ինչ է պալիատիվը: Ասաց՝ առաջին անգամ է լսում: Որոշեցի շոշափել հասարակության իրազեկվածության մակարդակը: Եւ փորձեցի հարցում անել  ընկերներիս շրջանում, որոնց մեծ մասը մեդիայի աշխատակիցներ են, այս կամ այն ոլորտի առաջատար մասնագետներ, այսինքն՝ կիրթ ու գրագետ մարդիկ: «Պալիատիվ օգնության մասին ինչ գիտեք»  հարցիս գրեթե բոլորը պատասխանեցին նույն կերպ՝ «Իսկ ի՞նչ է պալիատիվը» Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է. «Ցավամոքիչ խնամքը բարելավում է կյանքին սպառնացող հիվանդությունների հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը` ցավի և ֆիզիկական, հոգեսոցիալական ու հոգեւոր այլ խնդիրների վաղ հայտնաբերման, ճշգրիտ գնահատման և խնամքի միջոցով տառապանքը կանխելու ու մեղմելու ճանապարհով»: Ավելի մատչելի լեզվով ասած՝   պալիատիվ օգնության նպատակը ցավի համախտանիշ ունեցող  յուրաքանչյուր անձի  արդյունավետ ցավազրկող օգնություն տալն է: Այն արվում է համապատասխան ափիոիդների, հոգեմետ եւ հոգեներգործուն դեղերի կիրառմամբ: Պալիատիվ օգնությունը կիրառվում է թե տնային պայմաններում եւ թե դրանց համար նախատեսված հատուկ բուժհաստատություններում՝ հոսփիսներում: Հոսփիս «Հոսփիս» բառը լատինական ծագում ունի. այն թարգմանաբար նշանակում է «հյուրասիրություն ցուցաբերող»։ Հին ժամանակներում հոսփիսներն ուխտավորների եւ հիվանդների համար նախատեսված կացարաններ էին։ Իսկ այսօրվա կիրառությունը ստացել են 1967 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թեև ըստ «Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հրանտ Կարապետյանի,  Հայաստանում հոսփիսի նախատիպերը կիրառվել են դեռեւս 354 թվականից: Դրանք եկեղեցիների հարեւանությամբ կառուցված տներ էին՝ ծերերի, հիվանդների, անտունների, ծնողազուրկ երեխաների համար եւ կոչվում էին «Վանատուն»: Ներկայումս  հոսփիսը բժշկական հաստատություն է, որը ստեղծված է անբուժելի հիվանդների կյանքի վերջին օրերն արժանապատիվ, առանց ցավի կազմակերպելու նպատակով:  Մեր օրերում հոսփիսներ գործում են աշխարհի մի շարք երկրներում։ Նաեւ՝ Հայաստանում: Հայաստանի փորձը «Հոսփիս»  կոչվող առաջին հաստատությունը Հայաստանում գործում է 2008 թվականից, հիմա դրանք մի քանիսն են,  սակայն, ինչպես ինձ հետ զրույցում ասաց «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի»  «Պալիատիվ թերապիայի բաժանմունքի» վարիչ  Հրանտ Կարապետյանը, վերը նշված հաստատությունները գործնականում ոչ թե հոսփիս են, այլ՝ խնամքի կենտրոններ: Ամոքիչ (պալիատիվ) օգնության՝ Հայաստանում  առաջին համապարփակ ծառայությունը՝ հոսփիսը  2013 թվականին բացված  «Պալիատիվ թերապիայի բաժանմունքն» էր: «Այն բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի շնորհիվ, բայց հանձնարարականը եղավ, որոշումը կայացվեց, ֆինանսավորումը չտրվեց»,-ասում է Հրանտ Կարապետյանը՝ հավելելով, որ սույն թվականի նոյեմբեր ամսից  կենտրոնը դադարեցրել է գործունեությունը՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Գործունեության վերջին 1 տարվա ընթացքում 10 մահճակալ ունեցող հաստատությունը սպասարկել է 77 հիվանդի, այն դեպքում, երբ 2009-2010 թթ. կատարված նախնական գնահատման տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան 18 000 մարդ պալիատիվ բուժօգնության կարիք ունի: «Մեզ դիմող 10 պացիենտից 1-ն էր օգտվում ծառայությունից՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով»,-ինձ հետ զրույցում մեկնաբանեց  Հրանտ Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք ստացիոնար պալիատիվ օգնության օրավճարը սահմանել էին ինքնարժեքով՝ 15 000 դրամ եւ ֆինանսական եկամուտ չեն ունեցել:  Սակայն առանց պետական աջակցության այդ պայմաններով աշխատելը հանգեցրեց հաստատության փակմանը: Եւ այնուամենայնիվ՝  Հայաստանում ամեն օր պալիատիվ (ցավամոքիչ) խնամքի կարիք ունի 3200-3600 հիվանդ (ըստ վերը նշված թվականին արված նախնական կարիքների գնահատման տվյալների): Ինչպե՞ս է լուծվում նրանց ցավազրկման խնդիրը: Պալիատիվ խնամք տնային պայմաններում Հայաստանում ցավի համախտանիշ ունեցող  ՀՀ քաղաքացիներին դեղորայքը տրվում է անվճար: Սակայն . «Տարեկան պալիատիվ խնամքի կարիք ունեցող շուրջ  18 000 հիվանդների 1 տոկոսից քիչ մասն է ստանում  պալիատիվ օգնության կարիքի բավարարում»,-այս մասին 2012 թվականին կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց  «Բաց հասարակության ինստիտուտի» պալիատիվ օգնության հարցերով միջազգային խորհրդատու Ստեֆեն Ռ. Քոննորը՝ ներկայացնելով Հայաստանում պալիատիվ բուժօգնության կարիքների նախնական գնահատման տվյալները:  Պատճառները 1. Պալիատիվ օգնության ժամանակ բուժման նպատակով օգտագործվում է մորֆինը, որը Հայաստանում կիրառում են դեռևս հեղուկ վիճակով:  Բժիշկները խուսափում են թմրամիջոցը կիրառել՝ հաշվի առնելով, որ դրանք հսկման ենթակա միջոցներ են: Գործող օրենքը հստակ չի ամրագրում, թե որ դեպքում որ հիվանդին ինչ թմրամիջոցներ կարելի է նշանակել, ինչ քանակով: Ուստի, բժիշկը (հատկապես պոլիկլինիկայում աշխատող) հաճախ վախենում ու խուսափում է թմրամիջոցը նշանակելուց՝ մտածելով, որ կարող է մեղադրվել, պատժվել: «Նշանակման եւ տրամադրման գործընթացի նկատմամբ ոստիկանական հսկողությունը խիստ է, ներխուժող եւ վախի ու տագնապի զգացում է առաջացնում ուռուցքաբանների եւ դեղագործների շրջանում»,-նշված է Human Rights Watch-ի «Պալիատիվ խնամքին եւ ցավի ամոքմանն առնչվող հիմնական եզրույթները» զեկույցում: 2. Հիվանդները եւ նրանց հարազատները խուսափում են թմրամիջոց օգտագործելուց, որովհետեւ կարծում են, որ կախվածություն կարող է առաջանալ, եւ հիվանդը հետագայում նույնպես կարիք կունենա այդ ցավամոքիչն օգտագործելու: Այս երեւույթն անվանում են «մորֆոֆոբիա»` վախ մորֆին օգտագործելու նկատմամբ: Այնինչ մասնագետները վստահեցնում են՝ եթե ափիոիդի այս տեսակը ցավային ախտանիշի դեպքում է կիրառվում, կախվածության առաջացման հավանականությունը շատ քիչ է: Հատկապես՝ կիրառման ճիշտ եղանակի դեպքում:  Ինչ անել Ըստ  Բաց հասարակության ինստիտուտի պալիատիվ օգնության հարցերով միջազգային խորհրդատու Ստեֆեն Ռ. Քոննորի՝ պետք է. 1. Ներարկային մորֆինը փոխարինել դեղահաբային մորֆինով, որը կիրառվում է աշխարհի առաջատար երկրներում: Պետք է գտնել մատակարար կազմակերպություններ այս դեղահաբերը գնելու եւ Հայաստան ներմուծելու համար: Դեղահաբերի տեսքով  մորֆինը պակաս ինվազիվ է, ավելի էժան է քան ներարկային լուծույթը, բացի այդ, հիվանդը ինքնուրույն կամ հարազատների օգնությամբ կարող է ընդունել դեղը եւ ներարկում իրականացնելու համար հատուկ պատրաստված բուժքրոջ կարիք չի լինի: 2. Որից հետո անհրաժեշտ է մասնագետների վերապատրաստում, ինչն առանց դեղահաբային մորֆինի ներմուծման անիմաստ է, քանի որ դասընթացները պետք վերաբերեն հենց դեղահաբերի նշանակման ու կիրառման հարցերին: 3. Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոսական անձնակազմի վերապատրաստում:   Հ.Գ. Հրանտ Կարապետյանի հիմնած  «Վանատուն» հիմնադրամը  մշակել է ծրագիր, ըստ որի՝ պետք է ստեղծվի պալիատիվ օգնության՝ Հայաստանում առաջին համապարփակ կենտրոնը: Կենտրոնը կունենա երկու բաժին՝ հակացավային եւ հոսփիսային, 20 շարժական թիմ, որոնք կաշխատեն տնային սպասարկման ոլորտում եւ տնային պայմաններում օրական կկարողանան սպասարկել 120-140 հիվանդի: Իսկ ստացիոնար բաժանմունքում կլինի 50 մահճակալԿենտրոնում նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնական հաստատություն, որտեղ կպատրաստվեն համապատասխան մասնագետներ, որոնց կարիքը շատ մեծ է Հայաստանում: Ըստ ծրագրի նախատեսվում է ստեղծել նաեւ 3 մարզային կենտրոն՝ Գյումրիում, Վանաձորում  եւ Գորիսում: Նախագծի իրագործման համար անհրաժեշտ է 2 000 000 ԱՄՆ Դոլար:   paliativ Ազա Սարգսյան