Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում մահացել է Հայաստանի 5-րդ օլիմպիական չեմպիոնը՝ Ֆաինա Մելնիկը

Սպորտ
sport-melnik

Այսօր Մոսկվայում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է Հայաստանի թվով 5-րդ օլիմպիական չեմպիոն, հայտնի թեթեւաթլետուհի Ֆաինա Մելնիկը: Այդ մասին հայտնում է ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթը: Ֆաինա Մելնիկը ծնվել է Ուկրաինայի Բակոտա քաղաքում, 1945 թվականին: Թեթեւ աթլետիկայով սկսել է զբաղվել 25 տարեկան հասակում՝ սկավառականետում ձեւում: Նա մեծ հաջողությունների հասել է այն ժամանակ, երբ 1969թ տեղափոխվել է Երեւան եւ ընդունվել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Երկարատեւ մարզումների արդյունքում նա 1972թ նվաճել է Մյունխենի օլիմպիական խաղերի ոսկե մեդալ՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ՝ 66,62մ: Բացի այդ, Ֆաինա Մելնիկն առաջին սկավառականետորդուհին է, որը հաղթահարել է 70 մետրի սահմանագիծը: Հետագայում նա ելույթները շարունակել է Մոսկվայում, իսկ ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո նախ զբաղվել է իր երկրորդ մասնագիտությամբ՝ ատամնաբուժությամբ, ապա՝ մարզչական գործունեությամբ: Ֆաինա Մելնիկի սաներն են եղել օլիմպիական չեմպիոններ Նատալյա Լիսովսկին եւ Սվետլանա Կրիվելյովան: