Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ հարցերը՝ Սերժ Սարգսյանին ու Սեյրան Օհանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
asul

«Պետք չէ պիտակավորել քաղաքական գործընթացները, թերևս կարևորագույնը, որ կլինի՝ արդար ընտրությունների անցկացումն է: Ընտրությունների նախապատրաստվելիս պետք է ուշադրություն դարձնել ընտրությունների անցկացմանը, խախտումների բացահայտմանն ու կանխմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ Վանաձորի և Գյումրու ընտրությունները վառ ապացույց են այն բանի, որ եթե լավ ես պատրաստվում, ապա ցանկալի արդյունք ստանում ես. «Փոխադարձ վստահության մեջ անցկացվող ընտրությունների արդյունքները կարող են վերջ դնել թշնամական հարաբերություններին»: Անդրադառնալով Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալուն՝ նա նշեց, որ ընդդիմադիրներին որպես թշնամիների պետք չէ ընկալել. «Ասել, որ իշխանությունները հայրենասեր են, իսկ ընդդիմադիրները՝ ոչ, սա արդեն պատմության գիրկն է անցնում»: Իսկ քաղաքական դաշտում գոյություն ունեցող ուժերից ոչ մեկին ՀՀԿ-ական պատգամավորն իրենց հակառակորդ չի համարում. «Մրցակիցներ ունենք, հակառակորդներ` ոչ»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելուն՝ հռետորական հարց հնչեցրեց. «Հարցս ուղղում եմ Սերժ Սարգսյանին՝ «Արդյո՞ք մենք կրկեսի վերածելու հայրենիք ունենք և մյուս հարցս Սեյրան Օհանյանին` արդյո՞ք Վահագնի թաղամասում գտնվող չորս հարկանի առանձնատունը կծառայի որպես շտաբ»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անժելա Խաչատրյանը Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ նշեց` քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական գործիչները: