Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ների հայտարարությունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Քաղաքականություն
elections20

2016թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ընտրական օրենսգիրքը որևէ լուծում չառաջադրեց այն մտահոգությունների առումով, որոնք առկա էին ընտրական գործընթացների վերաբերյալ: Դեռևս հստակ չէ նաև, թե որքանով կապահովվեն հետագայում օրենսգրքի փոփոխություններով սահմանված տեխնիկական միջոցները: 2016թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես հոկտեմբերի 2-ին Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունները, թե՛ միջազգային, թե՛ տեղական կառույցների կողմից ընկալվում էին որպես փորձաքար և իրական ընտրական բարեփոխումներ կատարելու կամքի ցուցանիշ: Այնուամենայնիվ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններն արձանագրեցին, որ նախընտրական քարոզչությունը և քվեարկության կազմակերպումը կրկին ընթացան անհավասար պայմաններում՝ վարչական ռեսուրսների չարաշահմամբ և ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ  ոտնձգություններով: Նախընտրական և հետընտրական շրջանն ուղեկցվեց նույնիսկ բռնության և հրազենի կիրառման դեպքերով: Էջմիածնում ընտրությունների նախօրեին գործող քաղաքապետի կողմնակիցների կողմից բռնության են ենթարկվել քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկը՝ Արթուր Թումանյանը և նրա թիմակիցները: Վանաձորում ֆիզիկական բռնություն է կիրառվել Լուսավոր Հայաստան կուսակցության համախոհի նկատմամբ։ Քվեարկության օրվանից հետո Հայկական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Վանաձորում Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Այս դեպքերի հետ կապված իրավաչափ քննություն չի իրականացվել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Թեև, 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի և Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից», 2016թ. հոկտեմբերի 2-ի ընտրությունները կամայականորեն ամփոփվեցին նոր Ընտրական օրենսգրքի՝ դեռևս չգործող 141-րդ հոդվածի դրույթներով՝ այդպիսով ապահովելով Գյումրու ավագանու ընտրություններում «Բալասանյան» դաշինքի անհիմն հաղթանակը: Հարկ է նշել, որ նույն օրը մյուս 375 համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխանաբար 2011թ. ՀՀ ընտրական օրենսգրքի 143 և 144 հոդվածներով, ինչպես և պահանջում է 2016թ. ընտրական օրենսգիրքը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից օրենսգրքի՝ դեռևս ուժի մեջ չմտած նորմերի կամայական և հակաօրինական կիրառումը վկայում է այն մասին, որ դրանք պատահականությամբ չեն կիրառվել և այդպիսով, ըստ էության, Գյումրիում կեղծվել են ընտրությունների արդյունքները: Այլ կերպ ասած, եթե Վանաձոր քաղաքում օրենքի նկարագրված խախտումը չի հանգեցրել արդյունքների աղավաղմանը, ապա Գյումրիում դա ազդել է ավագանու մանդատների բաշխման վրա, որի արդյունքում Գյումրիում ձևավորված ավագանին լեգիտիմ չէ: Այսպիսով, ՏԻՄ ընտրություններում հերթական անգամ տիրեց անպատժելիությունը և անպատասխանատվությունը որպես հիմնական վարքագիծ, որի ողջ պատասխանատվությունը կրում են ընտրությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու մարմինները, որոնք հերթական անգամ չապահովեցին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար պահանջվող չափանիշները: ՀՀ իշխանությունները և ընտրական վարչարարություն իրականացնող մարմիններն, ըստ էության, ձախողեցին քննությունը և արդեն իսկ հստակ է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունը որևէ կերպ չի ապահովելու 2017թ. խորհրդարանական ընտրությունների որակական բարելավումը:   Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Համագործակցություն հանուն ժողովրդավարության Լուկաշինի Գյուղատնտեսական Ասոցացիա "Բիոսոֆիա" ՀԿ Մեր դիրքորոշումը մանրամասն կներկայացվի այսօր՝ ժամը 16:30-ին կայանալիք Վանաձոր և Գյումրիքաղաքների ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցի շնորհանդեսին: ՀՔԱՎԳ