Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոալիցիան պահանջում է զբաղվել բռնության ենթարկված երեխայի խնդրով

Հասարակություն
920049a3fcbbc36c7a91787f549faa6e

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվեց Ա. Սարգսյանի գործի դատական քննությունը, ըստ որի 34-ամյա Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ դատական ակտի՝ ԱՍարգսյանն ամուսնացել է 2006 թվականին: Ամուսնական կյանքի ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները: Ընտանիքում Արտյոմը հաճախ է վիճաբանել կնոջ հետ, իսկ կինն ամեն անգամ՝ հանուն երեխաների դիմացել ու հաշտվել է բռնարար ամուսնու հետ, մինչև բռնության ենթարկվելու հերթը հասել է նաև ավագ դստերը։ Հայրն աղջկանից պահանջել է, որ երեխան գնա խանութ՝ գարեջուր գնելու: Պահանջել է նաև, որ աղջնակը չխաղա 6-ամյա եղբոր հետ: Աղջնակը չի ենթարկվել հոր պահանջներին, խանութ չի գնացել, շարունակել է խաղալ եղբոր հետ, և  ձեռքերով ու ոտքերով հարվածներ է ստացել  դեմքին, ձախ ոտքին,  հայրը քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Ա Սարգսյանի մեղքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, սակայն հաշվի առավ, որ նրա  խնամքին 3 անչափահաս երեխաներ կան, այդ թվում՝ մինչև 8 տարեկան 2 երեխա,  դատապարտեց 30 հազար դրամ տուգանքի: Այժմ հարց է ծագում, արդյո՞ք նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ կարող է խնամք որակվել։ Արդյո՞ք երեխաների լավագույն շահերից է բխում լինել նման խոցելի իրավիճակում։ Այս գործում առկա է պետության համապատասխան մարմինների անգործություն, որը ենթակա է մանրամասն վերլուծության՝ մասնավորապես խնամակալության ու հոգաբարձության մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Այս գործում աչք է զարնում նաև ակնհայտ անհամաչափ վճիռը՝ ընդամենը 30 հազար դրամի տուգանք։ Դատական համակարգում նման վճիռներն ամենևին եզակի երևույթներ չեն։ Սույն թվականի Հունվարի 22-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել Արջուտ գյուղի բնակիչ Կ Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։ Խեչոյանը մեղադրվում էր կնոջը՝ Լ Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Նա գոմում շղթայով կապում էր դստերն ու տարբեր տիպի կտտանքների ենթարկում, այդուհանդերձ դատարանը ոչ միայն համապատասխան վճիռ չկայացրեց, այլև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը բռնարար վարքի տեր հոր խնամքին հատկացրեց Լ Ղաբուզյանի մյուս երեք անչափահաս երեխաներին։ Թե որքանով է երեխաների լավագույն շահից բխում այդ որոշումը, անհնարար է հիմնավորել։ Ըստ այդմ,  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պահանջում է պատկան մարմիններից լրջորեն զբաղվել ընտանեկան բռնության արդյունքում տուժած երեխաների խնդրով, հատկապես այն դեպքում, երբ  ՀՀ քննչակամ կոմիտեի պաշտոնական տվյալներով 2016 թվականին ընտանեկան բռնության արդյունքում 16 մահացության դեպքերից 3-ը մանկահասակ երեխաներ են, 10-ը՝ կանայք։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» երեխաների պաշտպանության համատեքստում ուշադրության կենտրոնում է պահում նաև  ԴԱՀԿ ծառայության կամայականություններն ու այդ մարմնի տարբեր ստորապաժանումներում առկա չարաշահումները, որոնք ակնհայտ անտեսում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և չեն վերադարձում երեխաներին իրենց ծնողներին՝ ոտնահարեով ծնողական իրավունքները։ Ամեն երեխա պետք է ապրի ապահով երկրում, պաշտպանված լինի օրենքով և որևէ մարմին կամ կամայական որոշում չի կարող խոչընդոտել երեխաների՝ ՀՀ սահմանադրությամբ հաստատված իրավունքները։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»