Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը չի պատրաստվում դառնալ ՀՀԿ-ական (տեսանյութ)

Սպորտ
sport-naxarar

ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն իր պաշտոնավարության 100 օրվա ընթացքում բազում կարեւորագույն խնդիրներ է ի հայտ բերել Հայաստանի սպորտային կյանքում: «Այսօր մեծ խնդիրներ ունենք մասսայական սպորտում: Մարդիկ շատ քիչ են զբաղվում սպորտով: Երկրորդ խնդիրը հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի առարկայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է: Լուրջ խնդիր է նաեւ արեւելյան մարտարվեստի հարյուրից ավելի ֆեդերացիաների առկայությունը, որոնցից 90 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը», - նշեց նախարարը: Հրաչյա Ռոստոմյանը 100 օրվա մեջ չի փոխել իր քաղաքական հայացքները եւ առայժմ չի պատրաստվում դառնալ Հանրապետական Կուսակցության անդամ. «Ես այս պահին որոշում չեմ կայացրել այդ հարցում: Շարունակում եմ անկուսակցական մնալ»: Հրաչյա Ռոստոմյանը չխուսափեց խոսել նաեւ իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարաբերության մասին. «Ես չեմ ասել, որ նոր ֆուտբոլիստներ եմ հրավիրելու Հայաստան, այլ նշել եմ, որ ֆուտբոլի մասնագետների հետ քննարկելու եմ խնդիրները: Ես իմ միտքը չեմ փոխել եւ շարունակելու եմ տանել իմ ընտրած քաղաքականությունը կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչու Հայաստանի 25 տարվա անկախության ընթացքում սպորտի նախարարությունը ֆինանսապես չի աջակցել ՀՖՖ-ին, ինչպես մնացած մարզաձեւերի ֆեդերացիաներին, բացի այդ, չի պահում ֆուտբոլի մարզադպրոցներ, Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական խնդիր չունի, քանի որ մեծ գումարներ է ստանում միջազգային կազմակերպություններից: Եթե ՀՖՖ-ն ֆինանսական խնդիրներ ունենա, մենք կօգնենք: Հաջորդ տարի մտադիր ենք ստեղծել ֆուտզալի մասնագիտացված դպրոց, իսկ համալիր մարզադպրոցներում կբացվեն մինի ֆուտբոլի մարզիչների հաստիքներ»: