Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիզնեսների կործանման պատճառը բանկն ու իր վարկերն են» (տեսանյութ)

Հասարակություն
varker

Աղավնաձորցի Հայկազ Ասատրյանը մի քանի տարի առաջ է որոշել խաղողագործությամբ  զբաղվել: Այգիներ գնելու համար 1 մլն 900 հազար դրամի չափով վարկ վերցրեց: «Նախկին վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, հեռուստացույցով ասաց, որ գները չեն փոխվելու, մինչդեռ գները կիսով չափ իջան, գումարն էլ 1 տարի չտվեցին»,-ասաց խաղողագործը: Մթերված խաղողի գումարի ուշացման պատճառով Հայկազ Ասատրյանը չի կարողացել ժամանակին մարել վարկը, հետեւանքը՝ նոր պարտավորություններն են: «Ասեցին՝ բերեք 500 հազար մուծեք, էդ տույժ-տուգանքից դուրս կգաք: Ես էլ խոստացել եմ, որ ամեն ամիս 100 հազար կտամ:  500 հազարը բերեցի, որ վճարեմ, ասեցին հիմա մի մուծեք, մնաց 3 ամսից հետո: Այդ ժամանակ էլ 500 հազարից բացի, լրացուցիչ 250 հազար դրամ պետք է վճարեմ»: ՀՀ կառավարության ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանն ասում է, որ «քանի-քանի բիզնեսներ է տեսել, որոնց կործանման պատճառը բանկն ու վարկերի տոկոսներն են»: Գործատուների միության նախագահն էլ հիշում է՝ 12 տարի առաջ Լինսի հիմնադրամի միջոցով հնարավոր էր դարձել  Հայաստանում վարկավորում իրականացնել 12-15-տոկոսով: «Հայաստանում այսքան շուկայական հարաբերություններ զարգացան, այսքան դեմոկրատական զարգացումներ եղան, ինստիտուտներ զարգացան, միթե 12 տարում ռիսկերը այնքան չնվազեցրեցին, որ կարողանանք տոկոսները իջեցնել»,-ասում է Գ. Մակարյանը: Սասուն Գրիգորյանի խոսքերով, գործարարը վարկ ստանալու հենց հաջորդ ամսվանից պետք է բանկին հետվճարումներ կատարի: «Ինչպես եք պատկերացնում, մի բիզնես, որ սկսվի եւ 30 օրում կարողանա վարկ մարել»: Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը առավելագույնը 10 տոկոս եկամտաբերությամբ է աշխատում :Եթե գործարարը բիզնեսը հիմնել է վարկ վերցնելով, որի տոկոսադրույքը, գերազանցում է այդ 10 տոկոսը, ապա բիզնեսը հաջողելու հնարավորություն պարզապես չունի։ 2015 թ-ին Հայաստանում պաշտոնապես լուծարվել է 10 029 ընկերություն։