Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ ո՞ր պատերազմի համար եք գումար հավաքում». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zara-postanjyan

Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացրած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հուզված ելույթ ունեցավ՝ հայտարարելով. «Կարող էինք ավելի հնչեղ անուն դնել նախագծին, սակայն բովանդակությունը չի փոխվի, քանի որ սա հրեշավոր նախագիծ է: Չի անցել մեկ տարին չորսօրյա պատերազմից, ու այսօր ունենք ոչ միայն մեր անգին երեխաների կյանքերը, այլեւ տարածքային կորուստներ: Տարածքների կորուստներից առաջնահերթ կորցրինք Լելե Թեփե բարձունքը, որի գրավման համար ժամանակին չորս հարյուր զինվոր կորցրինք, իսկ այն պահելու համար մենք չենք ունեցել համապատասխան զինտեխնիկա ու վառելիք»: Պատգամավորը հարց բարձրացրեց՝ եթե զինվորը սպանվի ՀՀ զինված ուժերում, ապա այդ դեպքում ծնողը ոչինչ չի՞ ստանալու. «Հետեւաբար, սա կեղծ գովերգելի նախագիծ է, սա լայն իմաստով կոռուպցիայի նախագիծ է, սա Սերժ Սարգսյանի համար հիմնադրամ է, ՊՆ կողմից ստեղծվող հիմնադրամ է, որ պետք է հավաքագրի գումարներ: Սա հատուկ տուրքի մի տեսակ է նախընտրական շեմում: Իսկ պատերազմը պայմանավորված է եղել, կանխատեսելի է եղել, մենք իմացել ենք, սակայն համապատասխան միջոցներ չենք ձեռնարկել: Պետք է պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին ու քրեական հետապնդում իրականացնել: Ո՞վ էր պատասխանատվություն կրելու վառելիք չունենալու, տանկերի ակումուլյատորները չաշխատելու, զրահաբաճկոններ չունենալու համար: Հիմա ուզում եք ասել, որ այս գումարները հավաքագրում եք ո՞ւմ համար, այդ ի՞նչ պատերազմի մասին է խոսվում, որ ապագայում սպասվում է: Կոռումպացված մի նախարար է այստեղ նստած ու հենց նրա կնոջ հայտարարագրից պարզ է, որ հնարավոր չէ, որ նա այդքան գումարներ ունենա: Թող իրենց անձնական գումարները ներդնեն բոլոր այն ընտանիքնների համար, որոնց երեխաները զոհվել են: Ամոթ է»: Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ երգչուհի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը սկսեց տեղից բղավել նրա վրա, իսկ Մարգարիտ Եսայանը սուս անելու կոչ էր անում: Ելույթից հետո նրանք ավելի բուռն սկսեցին բղավել Զարուհի Փոստանջյանի վրա: Նրանց փորձեց լռեցնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Տիկնայք հայոց աշխարհի... Վայ Զառա... այստեղ են ասել, Զառա,  Զառա, քեզ ձայն տալը շառ ա»: «Էս էլ ձեր գենդերը»,- արձագանքեց նաեւ հաջորդ ելույթ ունեցողը՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: