Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսինե Խանջյանը դիմել է դատարան

Քաղաքականություն
arsine1-1

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը դատարանում բողոքարկում է հուլիսի 27-ին Խորենացի փողոցից իրեն  բերման ենթարկելու որոշումը: Նա  դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները և իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանել բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում 500.000 դրամի չափով: Վարչական դատարանում նշանակված դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատարան: «Ոստիկանության ներկայացուցիչը զանգահարել է գրասենյակ` նշելով, որ ինքը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ: Ես չեմ կարող ասել՝ դա այդպես է, թե՝ ոչ: Ոստիկանությունը լինելով այդքան մեծ կառույց, ունենալով այդքան աշխատակիցներ, չի կարողանում ապահովել  գեթ մեկ ներկայացուցիչ , որը հանդես կգա ոստիկանության անունից»,- «Ա1+»-ին ասաց հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը: Փաստաբանի խոսքերով՝ տարօրինակն այն է, որ  ոստիկանությունը հնարավորություն ուներ իր դիրքորոշումն արտահայտելու, փաստարկ ներկայացնելու համար, սակայն  որեւէ գործողություն չի իրականացրել: Այսօրվա դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ: