Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կոռուպցիայի հարցում հանձնառությունների կեսը չի կատարել. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski

Կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգային բնույթ։ Հայաստանցիների կարծիքով՝ ամենակոռումպացվածը պետական պաշտոնյաներն են, հարկային մարմիններն ու նախագահի աշխատակազմը։ Կոռուպցիայի դեմ պայքարը գերխնդիր են հայտարարել Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունները։ Սակայն ինչ պայքարի մասին կարող է խոսք գնալ, երբ վստահելի չէ անգամ նախագահի ինստիտուտը։ 2015 թվականին Հայաստանի կառավարությունն աչքի է ընկել  կոռուպցիայի դեմ չպայքարելու ցանկությամբ։ Սա Եվրամիության արձանագրումն է։ ԵՄ-ն ամեն տարի 50 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին նաև կոռուպցիան վերացնելու  նպատակով, սակայն իշխանությունը մնում է անդրդվելի։ Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշում է. «2015 թվականին Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունների կեսը չի կատարել։ Այդ պատճառով չենք կարողացել գումարի մյուս մասն էլ վճարել։ Հույս ունենք, որ հաջորդ տարիներին դրանք կկատարվեն»։ Կոռուպցիայի դեմ պայքարելու խոստում Հայաստանի իշխանությունները տվել են նաև միջազգային այլ կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԳՐԵԿՈ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն։ Հայաստանի գրանցած առաջընթացը զուտ օրենքների ընդունման տեսքով է։ «Թրանսփարենի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանն ասում է. «Իրավական ակտերի ընդունումը միայն բավական չէ, կարևորը դրա ինպլեմենտացիան է՝ կատարումը։ Ինչպե՞ս է այդ իրավական ակտը գործադրվում պրակտիկ կյանքում, արդյո՞ք այնպիսի ջանքեր են գործադրվում, որ տա իրական արդյունք»։ Կոռուպցիայի դեմ կառավարությունն ու հասարակությունը միասին պետք է պայքարեն։ Մինչդեռ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» հարցումը քաղաքացիների շրջանում լավատեսության հիմք չի տալիս։ Հարցված քաղաքացիների 67%-ն ասել է, որ  կոռուպցիոն դեպքի մասին չի հայտնի իրավապահներին։ Քաղաքացիների  63%-ն էլ համարում է, որ ոչինչ չեն կարող փոխել կոռուպցիայի դեմ պայքարում։ Պյոտր Սվիտալսկին այսպես է մեկնաբանում.  «Կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության պասիվ լինելը շատ բացասական երևույթ է։ Ձայն վաճառելը ծիծաղելի՝ 10 կամ 20 հազար դրամ գումարի դիմաց, անընդունելի է։  Ձեր երկրի ապագան այդ գումարից թանկ արժի։ Միշտ չի, որ կարելի է մեղադրել բարձրագույն պաշտոնյաներին»։ Կոռուպցիա կա աշխարհի բոլոր, անգամ զարգացած երկրներում։ Այն վերջնականապես վերացնել ևս անհնար է։ Խնդիրն այն նվազ մակարդակի վրա բերելն ու կառավարելի դարձնելն է։ Վարուժան Հոկտանյանն առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարում հաջողություն խոստացող կարևոր քայլեր։ «Անպատժելիության մթնոլորտի վերացումը առաջին քայլն է։ Այնտեղ, որտեղ կա անպատժելոիւթյուն, կոռուպցիայի դեմ պայքարել անիմաստ է։ Երկրորդ բաղադրիչը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում բարեփոխումները պետք է լինեն։ 3-ը տեղեկատվության մատչելիության և ազատության խնդիրն է, 4-ը քաղաքացիներին օժտելն է իշխանությունների վրա ազդելու ունակությամբ։ Կարևոր է նաև միջազգային սողանցքների փակումը»։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը նաև արձանագրել է՝ կոռուպցիան ավերիչ ազդեցություն է ունեցել Հայաստանի անվտանգության համակարգի վրա, ինչը պարզ դարձավ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իսկ Էրեբունու ՊՊԾ գնդի իրադարձությունները վեր հանեցին անվստահությունն ու կուտակված ցասումն իշխանությունների նկատմամբ։