Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի աշխատակազմը ամենակոռումպացվածներից է. ԹԻ

Հասարակություն
hoktanyan-nkar

Կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգային բնույթ։ Հայաստանում ո՞ր մարմիններն են ամենակոռումպացվածը համարում քաղաքացիները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հետազոտություն է անցկացրել։  «Դա պետական պաշտոնյաներն են, դա հարկային մարմիններն են և դա նախագահի ինտիտուտն է։ Սրանք ընկալվել են ամենակոռումպացված ինստիտուտները»,- ասում է կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը։ Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես առաջնահերթություն են հռչակել Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունները։ Սակայն ի՞նչ պայքարի մասին կարող է խոսք գնալ, երբ կոռուպցիայի տեսանկյունից ամենառիսկայիններից է համարվում նախագահի աշխատակազմը։ Վարուժան Հոկտանյանը նշում է. «Միջազգային փորձը ցույց է տվել, որ շատ երկրներում այդ խնդիրը կա։ Ես չեմ ասում, որ ամեն տեղ իշխանափոխությամբ կոռուպցիան նվազել է, բայց միաժամանակ կան օրինակներ, որ որոշ երկրներում իշխանություններն իրենք են հասկացել, որ դանակը ոսկորին է հասել  և դիմել են լուրջ քայլերի»։ Սակայն խնդիրը միայն իշխանությունները չեն։ Ըստ նույն հետազոտության՝ քաղաքացիների 24%-ը հայտնել է, որ ինքը կաշառք տվել է։ Լավատեսական չէ նաև քաղաքացիների տրամադրվածության աստիճանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով. «Մեծ մասն ասել է, որ իրենք որևէ ձևով չեն ներգրավվի կոռուպցիայի դեմ պայքարում։ Նրանք նաև ասում են՝ երբ որ տեսնեն կաշառքի դեպքեր, չեն հայտնի իրավապահ մարմիններին»։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար ամեն տարի Եվրամիությունը 50 միլիոն եվրո տրամադրում է Հայաստանի իշխանություններին։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ 2015-ին կառավարությունը չի կատարել ստանձնած պարտավորությունների մի մասը, և ֆինանսավորումը դադարեցվել է։ Սակայն նա լավատեսական է տրամադրված այս հարցում և որոշակի սպասելիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից։