Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաև քահանաների միջոցով կկանխվի գենդերային խտրականությունը (տեսանյութ)

Հասարակություն
hxiutyun

«Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ-ն մեկնարկում է  «Հոգատարություն հանուն հավասարության» 4-ամյա ծրագիրը, որը նպատակ ունի կանխարգելել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ աղջիկները կծնվեն ու կապրեն հավասար պայմաններում: Այսօր լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների  հետ  քննարկման ժամանակ  «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ 2016  թվականի առաջին վեց ամսվա տվյալներով՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը նվազել են. «Ըստ էության, դա այս տարիներին տարբեր կառույցների կողմից տարվող աշխատանքների արդյունքն է, բայց մեզ համար կարևոր է նաև, թե ինչ ճակատագիր են ունենում աղջիկները ծնվելուց հետո, որովհետև շատ հաճախ նրանք ենթարկվում են խտրական վերաբերմունքի»: Պարոն Էդիլյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում փորձելու են ընտանիքներում մշակույթի փոփոխություն ձևավորել. «Այս ծրագրում ներառել ենք նաև Հայ Առաքելական եկեղեցուն: Փորձելու ենք տեսնել, թե քահանաների միջոցով ինչպես է հնարավոր կանխել գենդերային խտրականությունը»: «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանում, որտեղ «Վորլդ Վիժն Հայաստանն» արդեն ունի ձևավորած թիմեր.  «Արագածոտնի և Գեղարքունիքի մարզում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 100 աղջկա դիմաց ծնվում է 124 տղա, դրան հաջորդում է Շիրակի մարզը: Ես խոսում եմ այն մարզերի մասին, որտեղ «Վորլդ Վիժնը» աշխատում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց  «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը: Նրա խոսքով՝ առաջիկա չորս տարում ծրագրի շրջանակներում  համայնքային մեծ ծրագիր են իրականացնելու զույգերի հետ. «14 շաբաթ շարունակ աշխատելու ենք նաև տղամարդկանց հետ»,-ասաց տիկին Պետրոսյանը՝ հավելելով, որ քննարկումներն արդեն իսկ դրական արդյունք տվել են, քանի որ ծրագրում ներգրավված տղամարդկանց մոտ աղջիկ երեխաների նկատմամբ կարծրատիպերի փոփոխություն կա: Սևան Պետրոսյանը նշեց, որ թեև իրենց կազմակերպությունը, լինելով քրիստոնեական, հաճախ է համագործակցում եկեղեցու հետ, սակայն գենդերային խտրականության վերաբերյալ սա կլինի առաջին փորձը: